Картинки по запросу արման մելիքյանՌուսաստանյան գիտական ու քաղաքական շրջանակներում մի ժամանակ աշխույժ կերպով քննարկվում էր կլիմայի ընդհանուր ջերմացման արդյունքում ՌԴ-ի մասով ակնկալվող տնտեսական զարգացման նոր հնարավորությունների ի հայտ գալու թեման: Ի թիվս այլոց, հատուկ ուսումնասիրման նյութ դարձավ Հյուսիսային ծովային ուղին միջազգային տարանցման ճանապարհ դարձնելու հեռանկարը՝ Սառուցյալ օվկիանոսի սառույցների հալոցքն այդ ճանապարհը տարին բոլոր օգտագործելի դարձնելու հույս էր ներշնչում: Կարծիք կար, որ այդ դեպքում ՌԴ մերձբևեռային տարածաշրջանները քաղաքակրթության հետ կապերը սերտացնելու, տնտեսապես արագ զարգանալու հզոր խթան կստանան: Այս ուղղությամբ նաև հատուկ հետազոտական աշխատանքներ նախաձեռնվեցին, սակայն դրանց արդյունքները, կարծես, հիասթափեցնող եղան. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դեպքերի զարգացման առավել բարենպաստ տարբերակի պարագայում անգամ միջազգային տարանցման ճանապարհը հիմնականում անցնելու է ոչ թե ռուսաստանապատկան, այլ չեզոք ջրերում, և Սառուցյալ օվկիանոսի ափերին գտնվող ՌԴ սակավաթիվ նավահանգիստները հեռվում անցնող նավերի հոսքը սպասարկելու և դրանից եկամուտներ ստանալու ակնկալիք ունենալ չեն կարող: Պարզվեց նաև, որ զուտ ներքին բեռնափոխադրումները ևս եկամտաբերություն կամ գոնե ինքնաբավություն չեն կարողանա ապահովել: Առհասարակ, Ռուսաստանի հյուսիսային տարածաշրջանների ճակատագիրը բավականին մշուշոտ է մնում՝ մարդիկ հեռանում են այնտեղից, իսկ որոշ վայրերում տեղի բնակիչների տարհանումը ծրագրային տեսք է ստանում. այդպես էր գոնե մինչև վերջերս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի տիրույթը հանդիսացող Չուկոտկայում, որի ավելի քան 600.000 քառակուսի կիլոմետր տարածքի բնակչությունը 50.000 մարդուց քիչ ավելի էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել