«Ժառանգություն» կուսակցության անդամ և «Ոչ թալանին» շարժման հանրային կապերի պատասխանատու Սանասարյան Դավթի հանդեպ իմ զայրույթը պատահական չէ: Դավիթը դեռ մինչև վերջերս չափազանց համեստ ու ստվերում մնացած երիտասարդ էր, գուցեև համեստ, որի «կնքահայրը» Րաֆֆի Հովհաննիսյանն էր, և որը ցանկանում էր Դավթի մեջ իսկապես տեսնել ձևավորվող քաղաքական գործչի: Կարող էր, իհարկե, Դավիթը հենց Րաֆֆիի երազանքի գործիչը դառնալ, մանավանդ, կրկնեմ, ուներ ընդգծված համեստություն, 2013-ի հանրահավաքի ժամանակ իր գրավոր խոսքը ներկայացնելիս հուզվում էր, շփոթվում, կարմրում… Դրանք լավ հատկանիշներ էին… Սակայն, հավանաբար, ամեն մարդ ունի գայթակղության պահ, ու երբ մարդուն հնարավորություն են տալիս հայտնվել Երևանի ավագանիում, ժամանակ առ ժամանակ մասնակցել տարբեր սեմինարների՝ այսպես աշխարհը տեսնելու առիթ ընձեռելով, մարդուն թվում է, թե ինքն արդեն ազգային քաղաքական հանճար է ու կարող է առաջնորդ հռչակվել… Հենց այդ մտայնությունն էլ ձևավորեց Դավթի և համաժողովրդական շարժման շատ մասնակիցների և երկրպագուների միջև անդունդը: Ու Դավթի մասին սկսեցին հնչել կարծիքներ, որ նա գործում է որոշակի գրանտատու կազմակերպությունների թելադրանքով: Ես էլ եմ այդպես մտածել ու մտածում եմ: Եվ պատճառներից մեկն այն է, որ Դավթի գործողություններում տեսնում էի «Հիմնադիր խորհրդարան», «հետքը», տեսնում էի սեֆիլյանական «վերբովկան»: Ժիրայր Սեֆիլյանը պատերազմական հերոս է, հարգանքի արժանի, բայց ինձ համար, որպես հայ մարդու և մտավորականի, անընդունելի էր նրա կոչը, որն աղերսվում էր Ցեղասպանության 100-ամյակին: Այդ պատճառով էլ թե՛ Սեֆիլյանը, թե՛ ՀԽ-ի գործիչներն ինձ համար անընդունելի են: Եվ ոչ միայն այդ պատճառով: Դավիթ Սանասարյանը հայտնվեց Բաղրամյանում այն ժամանակ, երբ սոցիալական շարժման «բավիղներում» հայտնվեցին ՀԽ-ականները՝ այժմ կամենալով ամեն ինչ տանել իշխանափոխության կոչերի իրականացման: «Ոչ թալանին» շարժման հայեցակարգն այլ է, այլ են առաջադիր խնդիրները, որոնց ես անդրադարձել եմ մի քանի հրապարակմամբ:
Հիմա, ըստ շրջանառվող լուրերի, Սեֆիլյանն ու մյուս ՀԽ-ականները ջանքեր են գործադրում՝ իրենց ազդեցության դաշտ բերելու «Ոչ թալանին» շարժման հիմնադիրներին, այն նվիրյալ երիտասարդներին, որոնք մեր նորագույն պատմության մեջ չսպասված ու անօրինակ մի իրադարձություն հեղինակեցին, որոնք արթնացրեցին հանրային գիտակցությունը: Այդ տղաների առաքելությունն այլ է, այլ են նրանց տրվող գնահատականները: Ուստի, ես չէի ուզենա, որ նրանք հայտնվեն սեֆիլյանական ազդեցությունների ներքո, չէի ուզենա, որ ՀԽ-ի «վերբովկան» իր ցանցի մեջ առներ նաև այս երիտասարդներին:
Տղերք, զգույշ մնացեք սեֆիլյանական սադրանքներից, այն ծրագրերից, որոնք բնավ էլ չեն բխում մեր ազգային շահերից, որոնց նպատակը Երևանում մի նոր «մայդանի» ձևավորումն է: Մենք մայդանի ժողովուրդ չենք, մենք քաղաքակիրթ պայքարի ժողովուրդ ենք, մենք 1988-ին արթնացրեցինք ողջ Խորհրդային Միությունը, ողջ Կենտրոնական Եվրոպան: Հիշենք, դուք չեք հիշի, որովհետև դեռ ծնված չէիք, թե ինչպես էին Հարավսլավիայի և Գերմանիայի ժողովուրդները շնորհակալություն հայտնում հայերին՝ աշխարհի պատմությունը փոխելու համար… Նորից եմ խնդրում, տղերք, հանկարծ չգայթակղվեք ՀԺ-ի առաջարկություններով, որոնց ներսում չեն բացառվում սադրանքները:
Ես ձեզ ընդունում եմ այլ համոզմունքով և այլ հայացքով: Ինձ համար դուք հերոսներ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել