«Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1937թ. ՀՀ մայրաքաղաքի սրտում ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գ. Քոչարի կողմից: Կինոթատրոնի շենքում կա 4 դահլիճ` մեծ դահլիճ` Կարմիր դահլիճ (491 նստատեղով), Կապույտ դահլիճ (352 նստատեղով), VIP` առանձնացված (35 նստատեղով) և բացօթյա ամառային դահլիճ։ Այն գլխավոր ճակատով ուղղված է Շարլ Ազնավուրի անվան հրապարակին, մի թևը փռված է Աբովյան փողոցի վրա մինչև Թումանյան փողոց, իսկ մյուսն ընկնում է փողոցների անկյունում տարածվող թաղամասի վրա։ Շենքը վերակառուցվել է 1960թ.՝ Գ. Քոչարի և Թ. Գևորգյանի ճարտարապետությամբ, ապա 1983թ.` ճարտարապետներ Բ. Արզումանյանի, Զ. Զաքարյանի, Ա. Իսրայելյանի, Ա. Մելիքյանի նախագծով։ 

«Կինոմոսկվան» հետաքրքիր պատմություն ու ճակատագիր ունի: Ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին, ռուսական եկեղեցին ու մզկիթը: «Մոսկվա» կինոթատրոնը սոսկ կինոթատրոն չէր, այլ երեւանյան` հատկապես իրիկնային կյանքի յուրահատուկ հասցեներից մեկը: Մարդիկ չէին գնում պարզապես կինո դիտելու, նրանք գնում էին այլ կյանք տեսնելու: Խոսում են նաև, որ այն ժամանակվա երևանցին՝ առանց «Մոսկվա» կինոթատրոնի հետ սիրավեպի, իսկական երեւանցի չէր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել