Պարոն Դավիթ Տոնոյանը ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա և ռազմական մասնագետ է ու, թերևս, թյուրիմացաբար է կրկնում այլոց կողմից Արցախի սահմանադրական տարածքի մի զգալի մասի նկատմամբ շրջանառության մեջ դրված «անվտանգության գոտի» եզրույթը: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի ասել, որ Արցախի հյուսիսային ու արևելյան սահմաններն առավել վտանգված են ու հանդիսանում են հակառակորդի մշտական հարվածների թիրախ: Արցախի ամբողջ տարածքի անվտանգությունն ապահովելու համար գուցեև անհրաժեշտ է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքների հաշվին իրական անվտանգության գոտի ձևավորել: Ոչ մեկն այսօր չի կարող կանխատեսել, թե պատերազմի վերսկսման դեպքում իրադարձություններն ինչպես կընթանան: Կլինի զինադադար, թե տևական խաղաղության համար նախադրյալներ կստեղծվեն՝ առայժմ հայտնի չէ: Լավ կլիներ, որ մեր անգամ բարձրագույն հրամանատարները զերծ մնան ցանկացած քաղաքական գնահատականներից՝ նրանց գործը պատերազմում հակառակորդի հանդեպ ջախջախիչ առավելության հասնելն է, իսկ թե դրանից հետո ինչ քաղաքական լուծումներ կընտրվեն, դա քաղաքական ղեկավարության որոշելիքն է: Ես համոզված եմ, որ հայկական կողմերը հնարավորություն ունեն նոր հարցեր մտցնել բանակցային օրակարգ, հանդես գալ սկզբունքորեն նոր առաջարկներով, և դա ամենևին դիրքորոշման կոշտացում չի լինի: Առաջիկայում անխուսափելիորեն ձեռնամուխ ենք լինելու պետական կառավարման համակարգի որակական փոփոխությունն իրականացնելու անշրջելի գործընթացին. սա է գերխնդիրը, որի համատեքստում հնարավոր կլինի անդրադառնալ նաև արտաքին քաղաքականության ոլորտում մեր մոտեցումների վերանայման անհրաժեշտությանը: Իսկ այժմ Հայաստանի համար բարենպաստ պահ է ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար, և իշխանությունները պետք է կարողանան օգտվել Ռիգայի հանդիպման ընձեռած հնարավորությունից, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանն արտաքին կողմնորոշման և սեփական անվտանգությունն ապահովելու լուրջ խնդիր ունի այսօր, և նախագահ Ալիևի դիրքերն այս առումով բավականին երերուն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել