Newsline.am-ը գրում է.

Վրաստանի խորհրդարանն իր վստահությունն է հայտնել կառավարության նոր կազմին՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, գրում է Deutsche Welle-ն:

Կառավարության վստահության քվեն անցկացվել է գրեթե 13 ժամ տևած արտահերթ նիստի ժամանակ: Խորհրդարանական ընդդիմության պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել: Վերջիններս հայտարարել են, որ Վրաստանի գործող կառավարությունը Վրաստանին տնտեսական ճգնաժանի և աղքատության է հասցրել, այդ իսկ պատճառով այն, ողջ կազմով, պետք է հեռանա:

«Ինչ փոփոխություն էլ կատարվի կառավարության կազմում, այն ի վիճակի չէ լուծել անգամ տարրական խնդիրները, քանի որ այն հետնաբեմից կառավարվում է նախկին վարչապետ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Այս կառավարությանը մենք չենք կարող վստահել, և քանի դեռ այն ամբողջությամբ չի քայքայել երկիրը, պետք է հեռանա»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմավոր պատգամավոր Զուրաբ Ջապարիձեն:

Վարչապետ Ղարիբաշվիլին, սակայն, հերքում է ընդդիմության բոլոր մեղադրանքները՝ կառավարության հասցեին՝ դրանք որակելով սուտ և քաղաքականացված:

«Վրաստանում ոչ մի տնտեսական ճգնաժամ չկա, իսկ այս տարվա ցուցանիշները վկայում են տնտեսական աճի մասին: Ինչպես հայտարարել ենք՝ այս տարի Վրաստանում, ի տարբերություն տարածաշրջանի այլ պետությունների, տնտեսությունը 2 տոկոս աճ կգրանցի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով Կառավարության ծրագիրը:

Վրաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ եվրաատյանտյան ինտեգրման քաղաքականությանը զուգահեռ՝ Վրաստանը շարունակում է Ռուսաստանի հետ զարգացնել առևտրային և տնտեսական հարաբերությունները:

«Այն, որ այսօր բաց է ռուսական շուկան, շատ կարևոր է մեր քաղաքացիների համար»,- ասել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ Կառավարության նոր կազմում երեք նոր նախարար կա՝ Թինա Խիդաշելին (պաշտպանության նախարար), Գիգլա Ագուլաշվիլին (շրջակա միջավայրի պահպանության նախարար) և Տարիել Խեչիկաշվիլին (երիտասարդության և սպորտի հարցերով նախարար):

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Վրաստանի կառավարությունն ինքնաբերաբարհրաժարական էր տվել այն բանից հետո, երբ հրաժարականի դիմում է ներկայացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կապիանին: Նա կաբինետի թվով յոթերորդ նախարարն էր, ով հրաժարվել է պաշտոնից: Ըստ Վրաստանի սահմանադրության` նախարարների մեկ երրորդի հրաժարականի դեպքում կառավարությունը պետք է վստահության նոր քվե ստանա խորհրդարանում:

Կառավարության հրաժարականից հետո վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկու օր անց նախագահին էր ներկայացրել կառավարության նոր կազմը: Մարգվելաշվիլին հրաժարվել էր ստորագրել նախարարների պաշտոններում թեկնածուների՝ իրեն ներկայացված ցուցակը: Նա ասել էր, որ պետք է կայուն որոշումներ կայացնել և հաստատուն որոշում կայացնելու ժամանակ էր տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել