Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Օսկանյանի առնչությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը`վերջինիս կոչ անելով ձեռնպահ մնալ Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց:


«Բնականաբար, չեմ կիսում ԱՄՆ-ի հարգարժան դեսպանի հայտարարության մեջ առկա կարծիքը առ այն, որ սա արդարադատության ընտրովի կիրառում է, որովհետեւ սա բացառապես իրավական խնդիր է, եւ ինչպես նախկինում, հիմա էլ մեր կարծիքը հետեւյալն է, որ սա իրավական խնդիր է եւ այս խնդիրը քաղաքականացնելը անթույլատրելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով դեսպանի այն պնդմանը, թե անհանգստացնող է այն փաստը, որ դեպքերը տեղի են ունենում ընտրությունների նախաշեմին, Շարմազանովն ասել է. - «Հայաստանում ցանկացած իրավական գործընթաց ընտրությունների հետ կապելը կարծում եմ, իրականությունից հեռու եւ անթույլատրելի է: Եվ կարծում եմ, հենց նաեւ դեսպանները պետք է ձեռնպահ մնան Հայաստանում իրավական խնդիրները քաղաքականացնելուց եւ դրանք ընտրությունների հետ կապելուց»:

Շարմազանովը նաեւ ընդգծել է, թե որպես ԱԺ-ի փոխնախագահ` անթույլատրելի է համարում այս խնդիրը քաղաքականացնել կամ կուսակցականացնել, որովհետեւ տարբեր քրեական գործերով կան նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, ովքեր մեղադրյալ են կամ ձերբակալված:

«Հայաստանի իշխանությունների պայքարը ոչ թե անձերի, այլ վատ երեւույթների դեմ է: Եվ այս խնդիրը անձնավորել կամ քաղաքականացնել պետք չէ եւ արդարացված չէ: Տեղեկացնեմ հարգարժան դեսպանին, որ կան տարբեր քրեական գործեր, տարբեր կոռուպցիոն գործեր, որոնք էլի իրավական հարթության մեջ, եւ որտեղ մեղադրյալներ անցնում են նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց որեւէ մեկը չի ասում, որ դա ՀՀԿ-ի դեմ է կամ իրավական մարմինը լուրջ խնդիրներ ունի ՀՀԿ-ի հետ: Քաղաքական իշխանությունների խնդիրը վատ երեւույթների դեմ պայքարելն է», - ասել է ՀՀԿ-ի խոսնակը:

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է ԱՄՆ դեսպանի մտահոգության պատճառը, Շարմազանովն ասել է, թե այդ հարցը պետք է ուղղել դեսպանին, բայց խնդրի քաղաքականացումը արդարացված չէ, եւ Օսկանյանի հարցը նախագահական ընտրությունների հետ կապելը իրականությունից հեռու է: Թերեւս, կարող է ինֆորմացիայի բացակայությունը նման առիթ լինել, ասել է Շարմազանովը` հորդորելով բոլորին, անկախ պաշտոնական դիրքից եւ զբաղեցրած պաշտոնից, իրավական գործընթացներին քաղաքական գնահատականներ չտալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել