Doctors.am-ը գրում է․
Տարիների ընթացքում մարմնի վրա արտահայտվում են տարիքային փոփոխություններ: Այդ փոփոխությունների առաջացման արագությունը կախված է հիմնականում ծերացման գենետիկ մոդելի հետ: Սակայն կենսակերպը նույնպես մեծ ազդեցություն ունի ձեր արտաքին տեսքի վրա: Առողջ կենսակերպը կարող է դանդաղեցնել ծերացման մի շարք արտահայտությունների դրսևորումը: 
Մաշկ

 

Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է էլաստիկությունը, դառնում կնճռոտ: Եղունգների աճը նույնպես դանդաղում է: Ճարպագեղձերն ավելի քիչ ճարպ են արտադրում՝ մաշկը դարձնելով ավելի չոր:Մաշկի ծերացումը կարող եք դանդաղեցնել խոնավացնող և արևապաշտպան քսուքների միջոցով: Արևային օրերին մի մոռացեք ակնոց և գլխարկ կրել: 

 

Մազեր

 

Տարիքի հետ մազերը բարակում են, պիգմենտային բջիջների քանակը պակասում է, և մազերը ճերմակում են: 

 

Հասակ 

 

80 տարեկանում մարդու հասակը նվազում է միջինը 5 սմ-ով: Դա կապված է կեցվածքի փոփոխությունների իսկ հետագայում նաև հոդերի, ողերի, միջողնային սկավառակների սեղմման հետ: 

 

 

 

Լսողություն

 

Ժամանակի ընթացքում ականջում տեղի ունեցող փոփոխությունները դժվարացնում են բարձր հաճախության ձայների ընկալումը: Այդ փոփոխությունները հիմնականում արագանում են 55 տարեկանից հետո: 

 

Տեսողություն 

 

Ծերունական հեռատեսության պատճառով, մարդկանց մեծամասնությունը 40 տարեկանից հետո ակնոցի կարիք է զգում: Նորմալ տարիքային փոփոխություններ են համարվում նաև գիշերային տեսողության վատացումն ու վիզուալ հստակության կորուստը: Լավ կլինի տարին երկու անգամ այցելեք ակնաբույժի:

 

Քուն

 

Տարիքի հետ փոփոխվում է քնի ռեժիմն ու ցիրկադային ռիթմերը: Տարիքի հետ կսկսեք ավելի քիչ և մակերեսային քնել: Կսկսեք գիշերվա ընթացքում կամ առավոտյան շատ վաղ արթնանալ:

 

 

 

Ոսկրեր

 

Հասուն տարիքում օրգանիզմը աստիճանաբար կորցնում է ոսկրերում պարունակվող հանքանյութերը: Ոսկորները կորցնում են խտությունը: Կարող եք դանդաղեցնել այս փոփոխություններն ու նվազեցնել օստեոպորոզի զարգացման ռիսկը` չափավոր ֆիզիկական ակտիվության և կալցիումի ու վիտամին D-ի բավարար քանակություն ընունելու միջոցով: Ինչպես նաև լավ կլինի հրաժարվեք ոսկերները թուլացնող սովորություններից, օրինակ ծխելուց:

 

Մետաբոլիզմ

 

Ինչպես հայտնի է, տարիքի հետ օրգանիզմին ավելի քիչ էներգիա է հարկավոր, և մետաբոլիզմը դանդաղում է: Հորմոնալ փոփոխությունները հանգեցնում են մկանային զանգվածի նվազմանն ու ճարպայինի ավելացմանը: Այս դեպքում լավագույն մոտեցումը ընդունած կալորիաների քանակի նվազեցումն է, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության պահպանումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել