Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գյումրիում նախօրեին ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին չեն հանձնելու Հայաստանին։

Երեկվանից ցայսօր հազարավոր մարդիկ տեղի-անտեղի մեկնաբանություններ են արել կատարված ողբերգական դեպքի վերաբերյալ, ուստի ինքս զերծ կմնամ իրավական գնահատականներ տալուց, քանի որ, անկեղծ ասած, իրավագիտությունից առանձնապես գլուխ չեմ հանում։

Այլ բան է, որ կարդալով ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունը՝ տրամաբանական հարց է ծագում, որը բացարձակապես կապված է օրենքի հետ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ուստի նրան ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում (հաշվի առնելով ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը՝ համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության)»։ Միևնույն ժամանակ, դատախազությունը հիշեցման կարգով հայտնում է, որ համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածի դրույթներով, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:

Խնդիր չկա, Պերմյակովին չտանք ռուսներին, հարգենք ՌԴ սահմանադրությունը, բայց մի՞թե որևէ մեկը 2013 թվականի հուլիսին մտածում էր ՀՀ սահմանադրությունը հարգելու մասին։ Բոլորս հիշում ենք 2013 թվականի հուլիսը, երբ ՀՀ քաղաքացի (մի քանի աղբյուրով ստուգել եմ) Հրաչյա Հարությունյանն իր բեռնատարով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Այստեղ ամենևին էլ էական չէ, թե ինչպիսի ճղճիմություն ցուցաբերեցին ռուսները մեր քաղաքացուն դատարան տանելիս, ոչ էլ կարևոր է այն հանգամանքը, թե ինչպիսի վայնասուն բարձրացրին մեր «բարեկամ» ռուսներից շատերը՝ անընդունելի շեշտադրումներ անելով Հրաչյայի հայ լինելու փաստի վրա։ Ես թքած ունեմ, թե ինչպես իրենց պահեցին ռուսները, ինձ համար ցավալին այն է, որ ՀՀ կամազուրկ իշխանություններին մինչ օրս չի հաջողվել իրականացնել Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը, դեռ ավելին՝ ո՞վ է հիշում, որ այն ժամանակ հայկական կողմը խստորեն դներ մեր հայրենակցին Հայաստանին հանձնելու հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել