Ընկերներիցս ու ծանոթներիցս ոմանք՝ վրդովված հայկական եթերի անհաջող հեռուստասերիալներից, ժամանակ առ ժամանակ կոչեր են անում արգելել «այդ հիմարությունը», վերջ տալ նյութապաշտություն, բոզություն, հանցագործ կենսակերպ քարոզող ֆիլմաշարերին։ Բարեբախտաբար հեռուստացույց հազարից մեկ եմ նայում, բայց երբ նույնիսկ մի քանի րոպեով «ընկնում եմ» հերթական հայկական հեռուստասերիալը հեռարձակող ալիքի վրա, լրիվ հասկանում եմ այդ մարդկանց վրդովմունքը։

Բայց...

Շատերը չեն հիշի կամ չեն իմանա, թե ինչից և ինչու սկսեց անմակարդակ հայկական սերիալների դարաշրջանը։ Անդրադառնամ այս հարցին, որովհետև կարևոր է։

Մինչ 2007 (գումարած-հանած մեկ տարի) թվական Հայաստանի եթերը հիմնականում ողողված էր բրազիլական, մեքսիկական, ավելի քիչ՝ էժան ամերիկյան սերիալներով։ Մտավորականները դժգոհում էին, որ մարդկանց ուղեղները լցվում են հիմար մելոդրամաներով, նորածիններին Պեդրո ու Խուանիտա անուններ են տալիս, մի խոսքով՝ ազգը կործանվում էր։

Չգիտեմ, թե այդ բողոքների ճնշման տակ, թե ինչ-որ այլ դրդապատճառներից ելնելով՝ մի գեղեցիկ օր հեռուստաընկերություններին հայտարարվեց, որ վերջ. հերիք խալտուռա անեք, սկսեք ձեր սեփական արտադրանքը։ Սահմանվեց, թե եթերի առավելագույնը քանի տոկոսը կարող է լինել «իմպորտ» ու նվազագույնը ինչքան մասը պիտի սեփական արտադրության հաղորդումներ լինել։

Երևի ենթադրում էին, որ այս հրաշք-օրենքն ընդունելուց հետո հայկական հեռուստաալիքները սկսելու են հեռարձակել միայն հայեցի, լուրջ կրթական արժեք ունեցող, հայրենասիրական զգացմունքներ ու հասարակության արժանի անդամ դառնալու ցանկություն առաջացնող հաղորդումներ։

Փաստորեն ստացվեց Չերնոմիրդինի ասածով. хотели как лучше, получилось как всегда։

Բայց...

Հեռուստաընկերությունները կոմերցիոն հաստատություններ են, որոնք ձգտում են նվազագույն ներդրումներով, առավելագույն եկամուտ ստանալ։ Եւ այս նոր պայմաններում պարզվեց, որ «սեփական արտադրության» ամենաշահութաբեր տեսակը հեռուստասերիալներն են ու talk-show կոչվածները։ Ընդ որում, ավելի շահավետ է ֆիլմերում նկարահանել պատահական՝ փողոցից բերած «դերասանների», որովհետև նրանց կարելի է շատ ավելի քիչ վարձատրել, իսկ talk-show-ները պիտի հնարավորինս շատ «կեղտոտ ներքնազգեստեր» հանեն ի ցույց աշխարհի, որպեսզի լսարանը մեծ լինի։

Փոխարենը որակյալ արտադրանքը լուրջ ներդրումներ է պահանջում, ինչը մեր սահմանափակ շուկայի (լսարանի) պայմաններում որևէ հեռուստաընկերություն չի կարող իրեն թույլ տալ։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ մի սկսնակ ռեժիսյոր ընդամենը 1000 դոլարով մի հանճարեղ ֆիլմ կամ հաղորդում կնկարահանի, բայց դա եթերը լցնելու խնդիրը չի լուծելու։ Առավել եւս, որ մեր բնակչությունն էլ սովոր է օրական 4–5 ժամ հեռուստացույց դիտել (Նիլսենի վիճակագրությունն է)։

Բայց...

... հարց է ծագում. արդյո՞ք չունենք լուծում։ Կարծում եմ, որ ունենք։

Նախ՝ ներկրել որակյալ հեռուստաարտադրանք՝ թարգմանելով հայերեն։ Դա այդքան էլ թանկ չէ։

Երկրորդ. քանի որ շատերն արդեն չեն կարող առանց հեռուստասերիալների, ապա ներկրել քիչ թե շատ որակյալ հեռուստասերիալներ՝ նույնպես թարգմանելով։ Այդպիսի սերիալներ շատ կան։

Երրորդ. խրախուսել երիտասարդ հեղինակներին, արվեստագետներին մրցույթների ու դրամաշնորհների միջոցով, որ ստեղծագործեն։

Իհարկե, թվարկած երեք կետերն էլ թերություններ ունեն. ո՞վ է որոշելու, թե որ արտադրանքն է որակյալ, իսկ որը ոչ, ո՞վ է դատավոր լինելու մրցույթներում, ինչպե՞ս անել, որ պետական դրամաշնորհները չմխսվեն և այլն, և այլն։

Բայց...

Կարծում եմ էլի հետաքրքիր առաջարկներ կլինեն։ Նաև՝ վերոհիշյալ հարցերին պատասխանողներ։ Այսինքն հանգիստ քննարկման թեմա է, եկե´ք քննարկենք։ Մի բան ինձ համար պարզ է, որ անմակարդակ սերիալների դեմ պայքարելն անիմաստ է, եթե փոխարենը ուրիշ բան չես կարող առաջարկել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել