Ֆեյսբուքյան մի բանավեճի ժամանակ ընդդիմախոսս պնդեց, որ հայկական տաղանդները, եթե նրանց տրվեն «ճիշտ պայմաններ», գլուխգործոցներ կկերտեն։ «Ճիշտ պայմաններ» ասելով նկատի ուներ, ենթադրում եմ, ավելի բարձր աշխատավարձ, հարմարություններ և այլն (խոսքը եվրոպաներ մեկնելու մասին էր)։

Այդ «ճիշտ պայմանների» վերաբերյալ այսպես պատասխանեցի. «Ստալին պապիկը, որ սովետական պրոֆեսիոնալներին կոխում էր շառաշկեք ու մի փոր բոռշով ու գնդակահարության սպառնալիքով աշխատացնում, էլի ահագին լավ արդյունքների էին հասնում մեր տաղանդավոր պրոֆեսիոնալները»։

Ու ընդհանրապես, խիստ գերագնահատում ենք ստեղծագործական ազատության ու խրախուսական լծակների դերը որակյալ արդյունք տալու գործում։ Վերջիվերջո, Շոստակովիչն էլ էր ստալինյան սարսափի մթնոլորտում շատ հավեսով ստեղծագործում, Բուլգակովն էլ, Աննա Ախմատովան էլ... Թեկուզ զուտ մեր հայկական արվեստի գործիչներով նայենք. Մարտիրոս Սարյանից բռնած, Արամ Խաչատուրյանով ու Խաչիկ Դաշտենցով վերջացրած... Կամ, ասենք՝ դերասանական դպրոցը։ Այսօրվա ռուսաստանյան դերասանները թեպետ խորհրդային շրջանի իրենց կոլեգաներից 100 գլուխ ավելի հարուստ են, բայց սովետական՝ ահագին սահմանափակումներով խեղդած «շկոլայի» թույլ ու անհամ ստվերն են ընդամենը։

Մի խոսքով. երբեմն սոված մնալու կամ Սիբիր աքսորվելու սպառնալիքը ստեղծագործական առումով պակաս «ճիշտ պայման» չէ, քան, ասենք՝ բաբաթ հոնորարն ու ստեղծագործական ազատությունը։

Հ.Գ. Բնականաբար, գլուխգործոցներ ստեղծելը միայն ծեծել-աքսորելով կամ մի փեշ փող տալով չէ, շատ ավելի բարդ գործընթացների համատեղ արդյունք է։ Ու ոչ էլ Սովետի ջատագովությամբ եմ զբաղված ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել