Ռամիլ Սաֆարովի արտահանձնումի և ներման վերաբերյալ

Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և "շահիդների պուրակը", որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը:

Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը: 

Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:

Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը: 

ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Երևան, 04 սեպտեմբերի 2012թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել