Emedia.am-ը գրում է.

 Լուսինեն 26 տարեկան է, ապրում է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում, արդեն մեկ ամիս է աշխատանքի է անցել Այգեձոր գյուղի «Էկոգարդեն արտադրական կորպորացիա» մրգերի և բանջարեղենի վերամշակման գործարանում:

Նախկինում աշխատանք չի ունեցել, որովհետև թե՛ իր, թե՛ հարակից գյուղերում արտադրություններ և ձեռնարկություններ չկան և երիտասարդների հիմնական զբաղվածությունը հողամշակություն ու անասնապահությունն է:

«Դուք ուղղակի չեք պատկերացնի` ինչ չարքաշ ա մեր գյուղացի երիտասարդների կյանքը, հողը մեր ջանն ուտում ա, սպանում, ասենք կարաս մի կամ երկու շաբաթ գնաս դաշտեր, բայց մեր մոտ հող մշակելու սեզոնը 5-6 ամիս ա տևում ու մեջն էլ ոչ մի կոպեկ փող»,- eMedia.am-ի հետ զրույցում անկեղծանում է Լուսինեն:

Վերամշակող ընկերությունում մեր հերոսուհին աշխատանքի է անցել մեկ ամիս առաջ, սակայն հասցրել է սովորել աշխատանքին, ընկերանալ գործընկերների հետ և ցույց տալ կարգապահ աշխատանք:

«Վարձատրությունը վատ չէ, օրական 2500 դրամ, լինում է նաև հավելյալ գումար աշխատանքի դիմաց: Oրինակ, պոպոքը մեշոկով բերում եմ մամայիս հետ, գիշերը մաքրում ենք, առավոտը հետս տանում եմ գործարան»,-ասում է նա:

Այս պահին Արծվաբերդ գյուղից գործարքանում աշխատում է 13 կին, նրանց բոլորի համար այս գործարանը աշխատանք ունենալու և սոցիալապես ինքնադրսևորվելու միակ հնարավորությունն է:

«Ինձ դուր ա գալիս խստությունը, կարգն ու կանոնը, գործը մեկ-մեկ ֆիզիկապես ծանր է, բայց տրտնջալ չկա։ Չէ՞ որ էդ մարդիկ մեր համար աշխատանքի լավ պայմաններ են ստեղծել, անվճար տեղափոխում են, նորմալ ժամ են տվել ընդմիջման համար»,-նկատում է գործարանի նոր աշխատակցուհին։

Գործարանի հիմնադիր տնօրենը ծնունդով Այգեձորցի գործարար Արմեն Բիլյանն է, ով այս գործարանը ստեղծելիս ոչ թե գլխապտույտ եկամուտների մասին է մտածել, այլ տարածաշրջանի գյուղացիների զբաղվածության, գյուղատնտեսության զարգացման և սահմանն ամրապնդելու համար:

Գործարանի գործադիր տնօրեն Սամվել Մակարյանը eMedia.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռ վաղ է եկամուտներ ակնկալել. «Այս պահին մրգային պահածոներ ենք արտադրում, օրեր անց կսկսենք բանջարեղենի պահածոյացումը: Խնդիրներ ևս կան, որոշ հումքերի մեր տարածաշրջանում չկա և ստիպված բերում ենք Արարատյան դաշտավայրից: Մասնագետների կարիք ևս կա, մեծ հաճույքով կրթություն ստացած տեխնոլոգների կընդունենք աշխատանքի»:

Առաջիկայում արտահանման հիմնական շուկան Ռուսաստանում կընդլայնվի: Ընկերության գործադիր տնօրենը համոզված է, որ պետությունն աչալուրջ կլինի այս հարցնում և հարկային արտոնություններ կտրամադրի. «Առայժմ մեր գործարանի համար հարկային արտոնություններ չկան, սակայն տեղեկություններ կան, որ Կառավարության որոշմամբ հոկտեմբերին սահմանամերձ գյուղերի տնտեսվարողներին որոշակի հարկային արտոնություններ կտրամադրվեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել