Այս օրերին ամենաշատ քննարկվող նյութերից մեկն արտագաղթն է եւ հարցը, թե արդյոք կարելի՞ է հիասթափվել հայրենիքից ու հեռանալ:
Իմ պատասխանն է՝ այո, կարելի է եւ հասկանալի:
Այսօր «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը եւս անդրադարձել է այդ խնդրին՝ հարց ուղղելով հիաթափված արտագաթողներին. «Իսկ ի՞նչ եք արել, որ ձեր ուզածով լինի: Արել եք, ձեր ուժերը չե՞ն պատել»:
Այո, շատերն են շատ բան արել ու ուժերը չեն պատել... Շատերը կան, որ դեռ անհույս փորձեր են անում, բայց այդպես էլ ուժները չի պատում, ու դա արդեն տասնամյակներ: Հետո ողջ կյանքդ կանցնի, հետ կնայես, կտեսնես, որ «հիմար» փորձարկումներ անելու փոխարեն կարող էիր հեռանալ ու կարգավորել կյանքդ:
Ես բացարձակ արտագաղթի կոչ չեմ անում, մտքիս ծայրով անգամ նման բան չի անցնում: Բայց հայտարարել, թե հայրենիքից հիասթափվել չի կարելի, համաձայն չեմ: Ամեն ինչից էլ մարդ կարող է հիասթափվել, այդ թվում՝ հայրենիքից... 
Ի վերջո կյանքը նրա համար չի տրված, որ մարդը այն ծախսի ուրիշներին խելք ու խրատ տալու վրա... Ամեն մեկն ինքն է ընտրում իր ուղին... մեկը մնում ու պայքարում է (ի դեպ, առայժմ անհույս), մյուսը նախընտրում է հեռանալ, երրորդներն էլ ընտրում են այս եղած միջավայրում փորձել հասնել հաջողության: 
Եթե մեկի մոտ դա ստացվել է, դա չի նշանակում, որ բոլորին դա տրված է: 
Ասածս այն է, որ շատ խիստ մի դատեք ո՛չ գնացողին, ո՛չ մնացողին, ո՛չ էլ հիասթափվողին... Բոլորս մարդ ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել