Ամերիկյան գրական կյանքում իսկական սենսացիա դարձավ Նորման Մեյլերի (ծնվ.1923 թ.) «Մերկ և մահացած» վեպը (1948), որտեղ բավական մանրամասնորեն ներկայացված էր ամերիկյան բանակային կյանքը, որը և վեպում երկրի ապագա սոցիալական կառուցվածքի համար դառնալու էր որպես մոդել: Իր «Եղջերուների պուրակը» վեպում (1955) Մեյլերը անաչառորեն գնահատում է «Միջին» Ամերիկայի այն բարոյական անեմիան ու թմբիրը, որպիսին կար մաքքարթնիականության ժամանակներում: Հենց աս ստեղծագործության մեջ էլ առաջին անգամ հեղինակը ներկայացնում է «հիփսթերի» վերաբերյալ իր կոնցեպցիան (ըստ այդմ, hipster-ը այն մարդն է, որը դատապարտված է մոռացության ու մերժման և ճնշված է բարոյական առումով): Այս կոնցեպցիան էլ հետագայում արդեն հիմք է դնում հիփփիների շարժմանը և հիփփիական գաղափարախոսությանը: Հիփփին էքզիստենցիալիստական հերոս է, ով իր հետևից այրում է քաղաքակրթության բոլոր կամուրջները: Այս գաղափարները հետագայում զարգանում են «Ինքնագովազդ» (1959) ակնարկների ժողովածուում: Մեյլերը իրար կողք-կողքի է դնում հիփփիներին ու «կոտրվածներին»՝ առաջիններին համարելով ընդդեմ սոցիալական բռնությունների իրենց բողոքի արտահայտման մեջ ավելի ռադիկալ: 60-ականների սերնդի համար, որոնք ներկայացրեցին այն սերունդը, ում ձեռքով «կոտրվածները» վերաճեցին հիփփիների, խորհրդանշական դարձավ «Ամերիկյան երազանք» վեպը (1965): Այստեղ գլխավոր հերոսը Սթիվեն Ռոջեքն է` պատերազմի հերոս, նախագահ Քեննեդու համակուրսեցի, ով փայլուն կարիերա է արել, դարձել հայտնի հոգեբան ու հեռուստահաղորդավար: Սակայն ինչ-որ բան նրա կյանքում այն չէ, ինչ-որ բան նրա ճակատագրում չի ստացվում: Հաջողության մակերեսայնության ներքո բացահայտվում է աստիճանաբար գլխավոր հերոսի անձնական դրաման: Սթիվենը համոզված է, որ իր կյանքը չի ստացվել: Ամուսնական կյանքն էլ ուրախություն չի բերում. կինը չափազանց փողասեր էր ու ամեն բան իր շրջապատում սեփականաշնորհում էր: 
«Ամերիկյան երազանք»-ի հիմնական մոտիվը հոգևոր ուխտագնացությունն էր, ձգտումը թափանցելու ենթագիտակցության ամենախորը շերտերը, որին հասնելու համար հերոսը «սուզվում» է Նյու Յորքի «հատակը»: Հերոսի մուտքը, սակայն, բնազդների աշխարհը հանգեցնում է անհատականության կործանման ու մահվան: Հերոսը ձգտում է սեփական փորձառությամբ յուրացնել «սպանության, ինքնասպանության, արյունապղծության, օրգիայի ու օրգազմի անդունդները», որով իսկ հարցականի տակ է դրվում այն, որ ողջ գրքային-փիլիսոփայական «զինանոց»-ն այլևս ի զորու չէ օգնել Սթիվենին հոգեբանական առումով: Այն դինամիկան կամ զարգացումը, որով տեղի է ունենում հերոսի ճամփորդությունը սեփական ներաշխարհի խորխորատներում, հեղինակի մոտ ստանում է երազատեսության բաբախյունի տեսք: Ստեղծագործության մեջ ընդգծված է անհատի ներքին վերածնունդի ճանապարհը, որը և բացում ու հասանելի է դարձնում միստիկ գերգիտակցության կամ ենթագիտակցության ռեսուրսները: 
Վերջին տարիներին լույս տեսան հեղինակի «Հարլոթի ուրվականը» (1991), «Օսվալդի պատմությունը» (1995) վեպերը, «Երիտասարդ Պիկասոյի դիմանկարը» գիրքը (1995), որտեղ հեղինակն արդեն անդրադառնում է կրոնի ու քաղաքականության հարցերին: Արդեն 1997 թ. լույս է տեսնում հեղինակի «Աստվածորդու Ավետարանը» գործը, որը ռուսերեն թարգմանվեց 1998 թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել