Մարդկանց մի խումբ կա, ում թվում է՝ եթե շատ-շատ-շատ ուզես, որ պատերազմ չլինի, ապա պատերազմ չի լինի։ Որ եթե հրաժարվես կռվելուց, ապա կռիվները կվերջանան։ Որ եթե ի սրտե ցանկանաս, որ Աֆրիկայում երեխաները սովից չմահանան, ապա Սև մայրցամաքի երեխաները կդառնան չաղ ու բախտավոր։

Շատ եմ փորձել այդ մարդկանց բացատրել, որ համատարած խաղաղություն հաստատելու համար միակողմանի և աշխարհաքաղաքական իրականությունից կտրված ցանկությունը շատ քիչ է, որ կա օբյեկտիվ իրականություն, ուր պատերազմ կանխելու ամենաարդյունավետ ձևը պատերազմին միշտ պատրաստ լինելն է, երբեմն էլ առաջին հարված հասցնելը։

Վերջապես հասկացա, որ ռադիկալ (և, խնդրում եմ չնեղանալ՝ պարզունակ) պացիֆիստների հետ վիճելն անիմաստ է, քանի որ ըստ էության գործ ունենք կրոնական երևույթի, այլ ոչ թե գիտելիքի ու փաստերի վրա հիմնված համոզմունքի հետ։ Իսկ հավատքի դեմ տրամաբանությունը, գիտելիքը, աշխարհաքաղաքագիտական վերլուծություններն ու նույնիսկ հետախուզության հաղորդագրությունները :) անզոր են։

Այս «հավատքը» գեղեցիկ ձևով տեղավորվում է Արևմուտքում 60-ականներին ծաղկունք ապրած New Age կոչված կրոնական ասեմ, հոգևոր ասեմ, շարժման գաղափարախոսական շրջանակներում։ Հիշեք «Ջոնաթան Լիվինգստքն ճայը», «Ալքիմիկոսը», «Սեկրետ» գիրքն ու ֆիլմը, հիվանդագինի հասնող ու ամերիկյան կորպոռատիվ մշակույթում կարծես թե պաշտոնական կրոն դարձած պոզիտիվ մտածողության փիլիսոփայությունը... Բոլորը նույն բոստանի բերքից են։

* * *

Հանգիստ-թողեք-յանս-քաշած-ապրեմ փիլիսոփայության կրող շարքային քաղաքացու համար այս կույր հավատը գրավիչ է. աշխարհաքաղաքական մրրիկների մեջ ապրելը շատ է հոգնեցնում, մշտական անորոշությունը հոգեպես քայքայում է, գցում ապատիայի մեջ։ Ըստ այդմ «կրոնական» պացիֆիզմը հաճելի դարման է, որը պատրանք է ստեղծում, թե իբր պայքարում ես (մեծ հաշվով քեզնից չկախված) վտանգի դեմ։

Բնականաբար աշխարհի տարբեր ծայրերում ռադիկալ պացիֆիստներն իրարից որոշակիորեն տարբերվում են։ Լոս Անջելեսում ապրող, արտաքին վտանգներից գրեթե լիովին պաշտպանված միջին խավի երիտասարդի իրականությունից կտրված լինելը դեռ մի բան էլ հարմար է իր երկրի վերնախավի համար։ Եւ նույնիսկ եթե այդ երիտասարդը ինչ-որ ժամանակ բողոքում է ընդդեմ պատերազմի, նրան հիմնականում շատ հեշտ է կառավարել. վաղ թե ուշ երիտասարդը պիտի մտածի աշխատանքի, մեքենա ու տուն գնելու վարկը վերադարձնելու և այլ՝ իր համար առաջնահերթ խնդիրների մասին՝ թողնելով հեռավոր Իրաքի կամ Աֆղանստանի խնդիրները մի կողմ։ Նույնիսկ եթե այդ երիտասարդը չընտրի բուրժուայի ստանդարտ ուղին, միևնույն է եզակի մարդիկ են ի վիճակի երկար ժամանակ համակարգված ձևով պայքարել հանուն իրենց անմիջականորեն չառնչվող ինչ-որ բանի, եթե ներքին մոտիվացիայից զատ արտաքին այլ դրդապատճառներ չունեն։

Այլ երևույթ է պատերազմող երկրում բնակվող ու պացիֆիստական ֆանտազիաներում ճախրող մարդը։ Առավել եւս, երբ երկրի մայրաքաղաքի կենտրոնից մինչև առաջին գծի խրամատներավտոմեքենայի մեկ-մեկուկես ժամվա ճանապարհ է։

Այստեղ ռադիկալ պացիֆիստը կարող է լուրջ վտանգ ներկայացնել թե´ հասարակության, թե´ ինքն իրեն համար։ Չէ՞ որ ցանկացած պացիֆիզմի հիմքում ընկած է պատերազմն ամեն գնով (կամ գոնե՝ հնարավորինս շուտ) դադարեցնելու գաղափարը։ Պացիֆիստների ստանդարտ քարոզչական թեզերից է «պատերազմը շատ վատ բան է, եկեք այն դադարեցնենք» պնդումը, ընդ որում երբևէ հաշվի չի առնվում, թե այդ անիմաստ-սպանդը-հենց-հիմա-ամեն-գնով դադարեցնենք-ի վերջը ինչ կարող է լինել։ Մի պահ պատկերացնենք, որ 1992 ամռանը հայկական կողմը իսկապես դադարեցներ «անիմաստ սպանդը» ու մնար այս դիրքերում...

Ի դեպ, հայտնի մի պարադոքս, որ դեռ Օրուելն էր նշել. պացիֆիստը սովորաբար ավելի արդյունավետ է գործում հակամարտության մասնակից ավելի դեմոկրատական երկրներում՝ դրանով աջակցելով հակառակորդ բռնապետություններին։ Այսինքն սովորաբար ինքնամոռացության հասնող արևմտամետ ու ազատական հայ պացիֆիստն իրականում Իլհամ Ալիևի արևելյան տիպի բռնապետական ռեժիմի ամենալավ բարեկամն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել