Առավոտյան Կիրանցում բռնի ուժ է կիրառվել բնակիչների նկատմամբ, այդ թվում կանանց, երեխաների, դպրոցականների։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ այս պահին ոստիկանները փակել են դեպի Կիրանց տանող ճանապարհը և թույլ չեն տալիս իրենց մտնել գյուղ։

«Ոստիկանները այս պահին ուղեկցում են մեզ, որ չկարողանանք գնալ գյուղ, չգիտեմ ինչու։ Հիմա անտառով ոտքով բարձրանում ենք, բայց փոխոստիկանապետը, մարզային վարչության պետն ու 25-30 ոստիկան շրջապատել են մեզ անտառում ու չեն թողնում գնանք»,- ասաց նա։

Անդրադառնալով վաղ առավոտյան բնակչության նկատմամբ ոստիկանական զորքերի կողմից կիրառված բռնի ուժին, Բագրատ Սրբազանն ասաց․

«Չակերտավոր ականազերծման հիմնավորմամբ են բռնի ուժ կիրառել բնակիչների նկատմամբ, ես ժամը 4․00-4․30-ի հատվածում դուրս եմ եկել գյուղից ու դրանից հետո գործողություններ են սկսվել գյուղի վերին հատվածում։

Տղաներին տեսել եմ, իրենք ոչինչ չեն ասում, չեն ուզում բժշկի գնալ, ոստիկաններն էլ հերքում են, մերժում են, բայց հստակ կերպով սև բերետավորները վերադարձել են վրեժի զգացումով, չգիտեմ՝ ինչ ենք արել իրենց անցած օրը։ Այս պահին փորձում ենք գյուղ այցելել, բայց  խոչընդոտում են մեզ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել