Երեկ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստի ընդունած արձանագրության համաձայնեցրել են ՀՀ Բաղանիս, Ադրբեջանի Հանրապետության Բաղանիս-Այրում, ՀՀ Ոսկեպար, Ադրբեջանի Հանրապետության  Աշաղը Ասկիպարա, ՀՀ Կիրանց, Ադրբեջանի Հանրապետության Խեյրիմլի, ՀՀ Բերքաբեր, Ադրբեջանի Հանրապետության Կզլհաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ասել, որ տեղի ունեցածը ուզում եմ համարել մեծ հաջողություն, երկու պատճառով եմ համարում մեծ հաջողություն, առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, երկրորդը՝ մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը, ոչ միայն նշաված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասել է վարչապետը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել