Տավուշի հատվածում այսպես կոչված սահմանազատման աշխատանքներին զուգահեռ հայտարարվել է, որ նոր գծված սահմանի երկու կողմում պետք է կանգնեն ոչ թե երկու երկրների ՊՆ, այլ սահմանապահ ծառայության ստորաբաժանումները:
Այս լուրը մատուցվում է այնպես, որ տպավորություն է ստեղծվում, թե, կարծես, սա պետք է նպաստի երկու կողմերի միջև լարվածության նվազման և հետագա լարվածության կանխմանը: Իրականում սահմանապահ ասելիս մարդիկ պատկերացնում են երկրի ցամաքային սահմանը հսկող և եկող-գնացողների անձնագրերի մեջ կնիք դնող մարդու, ով հազվադեպ է զենք կիրառում, առավել ևս` մասնակցում մարտական գործողություններին:
Իրականում անզեն աչքով նայելիս ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը չունի տեխնիկական այն հագեցվածությունը, որն ունեն զինված ուժերը:
Փաստորեն ստացվում է, որ տեխնիկապես և սպառազինության տեսանկյունից առավել հագեցած ստորաբաժանումներին փոխարինելու են միայն ինքնաձիգներով զինված սահամանպահները:
Այլ է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) պարագայում: Այն իրենից ներկայացնում է բավական հագեցած մի կառույց, որն ունի բանակին բնորոշ բոլոր ստորաբաժանումներն ու տեխնիկան: Գաղտնիք չէ, որ արդեն տևական ժամանակ ադրբեջանցի սահամապահներն են իրականացնում Տավուշի ուղղությամբ մարտական հերթապահություն, իսկ իրենց ԶՈՒ ստորաբաժանումները հետ են քաշվել երկրորդ գիծ:
Բացի այդ, Ադրբեջանի ՊՍԾ-ն շատ ակտիվ ներգրաված է եղել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում: Հետևաբար Հայաստանի կողմից բանակային ստորաբաժանումների` սահմանապահներով փոխարինումը կարող է միայն թուլացնել նոր սահմանների պաշտպանությունը հնարավոր ագրեսիայի դեպքում:
Այլ կերպ ասած, սա նույնպես կարելի է դիտարկել որպես միակողմանի զիջում Ադրբեջանին:
Միակողմանի զիջման միակողմանի զիջումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել