Ասում են, որ ոսկե ձկնիկները իրականացնում են երեք ցանկություն :) Բայց արի ու տես, որ այս հեծանվորդի մեջքի հետևում, հեծանվի նստարանին ամրացված հարմարանքից կախված տոպրակների մեջ մի խումբ այդպիսի ոսկե ձկներ են: Հարավարևելյան քաղաքներից մեկի այս բնակիչը իր հեծանվով շրջում է և վաճառում զույգ ոսկե ձկնիկներ: Մի կողմից հեքիաթն է, առասպելն է այն մասին, որ ոսկե ձկնիկները կախարդական են, մյուս կողմից իրական կյանքի իրական դրվագ է, երբ «երազանք իրականացնող» փոքրիկ այս արարածներին վաճառում են սովորական ապրանքի պես: Մի՞թե կյանքը կարելի է վաճառել, դնել այսպես տոպրակի մեջ, կապել մեջքից ու շրջել քաղաքով մեկ` ասես վաճառում ես գրիչ, օրացույց կամ էլ կարկանդակ: Ամեն մի տոպրակում մի զույգ երազանք: Ահա և կյանքը իր ողջ ներկապնակով. հեծանիվ` սոցիալապես ոչ այնքան ապահով իր հեծանվորդով, ապրուստը հոգալու ամենօրյա խնդիր և տոպրակի միջի ոսկե ձկնիկներ, որոնք կոչված են իրականացնելու մեր ամենանվիրական երազանքները, որպեսզի նույն այդ կյանքը լինի ավելի բարեկեցիկ ու լուսավոր, չունենանք ապրուստը հոգալու կարիք, չունենանք քաղաքում ստիպված հեծանվով այսպես շրջելու և մեր երազանքը վաճառելու խնդիր: Ինչ մեղք են ոսկե ձկնիկները, որոնք հայտնի չէ, թե ինչ տներում կգտնեն իրենց հանգրվանը, ո՞ղջ կմնան, թե՞ կսատկեն` իրենց գնած նորահայտ տիրոջ անտարբերությունից կամ էլ անտեղյակությունից: Ափսոս: Եվ ափսոս, որ մենք` մարդիկ, մեր ապրուստը հոգալու համար երբեմն ստիպված ենք լինում վաճառելու մեր երազանքները, հրաժարվելու դրանցից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել