Վերջին օրերի իրադարձությունները աշխարհին ցույց տվեցին ու շարունակում են սովորեցնել, թե ինչպես կարելի է առանց եղբայրասպանության, փոխադարձ վստահության ու հարգանքի հիման վրա բարձրացնել խնդիր ու հետամուտ լինել դրա լուծման ուղիների որոնմանը: Բոլորին հուզող սոցիալական խնդիրը ազգովի բարձրացնել ու ուժային կառույցների հետ առանց լուրջ բախումների, համագործակցության ու փոխվստահության դաշտում հետևողականորեն առաջ մղել՝ տրված է ոչ բոլոր ազգերին, ոչ բոլոր երկրներում: Երիտասարդությանը բնորոշ տաքգլուխությունից անցում անել կառուցողական ու խոհեմ վարվելակերպ՝ բնորոշ է ոչ բոլոր երիտասարդներին: Լինել ցուցարարների կողքին ու զերծ մնալ ուժ կիրառելու գայթակղությունից՝ տրված չէ բոլոր երկրների ոստիկանություններին: Սա նախադեպ է աշխարհի համար, դրսից Հայաստանում ամեն գնով «մայդաններ» ու գունավոր հեղափոխություններ որոնողների կամ հրահրողների համար, ապատեղեկատվություն քարոզողների համար, որոնք երևանյան իրադարձությունները միտումնավոր կերպով տեսնում էին սեփական դիտակետից ու սեփական պատկերացումներով: Ուկրաինան մեզանից շատ բան ունի սովորելու, հայի գենոմը հաղթահարեց կամ հաղթահարելու ճանապարհին է՝ հայրենակցին կրակելու, վնասելու հանցավոր մոտեցմանը, հայի գենոմը խաղաղասեր ու ոչ արյունարբու է, որովհետև «բարիկադների» երկու կողմում էլ մենք ենք, մերոնք՝ ցուցարար, թե ոստիկան: Միշտ ասել եմ՝ հայը խելացի ժողովուրդ է, իմաստուն, հեռատես: Շնորհակալություն ցուցարարներին, որ որակական նոր մակարդակ են վեր հանել հասարակական, սոցիալական խնդիրը բարձրաձայնելու մշակույթը, առանց անհամության ու նենգության, առանց սեփական քաղաքը ապականելու ու քանդելու և շնորհակալություն ոստիկաններին ու ուժային կառույցներին, որ խոհեմաբար ու հմտորեն պատվով կազմակերպում են իրավիճակը, որպեսզի արյուն չթափվի: Ոչ թե հաղթում է մի կողմը, այլ հաղթում է հայի սթափ դատողությունը ու դարավոր իմաստնությունը, որը թվում էր քնել է, սակայն այն կա, այն մեկս մյուսին սիրելու ու մեկս մյուսին փայփայելու մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել