Մոլորակի բնակչության թիվն անցել է վեց միլիարդից: Քանի՜-քանի՜ մարդ է հենց հիմա ծնվում: Հենց նոր դադարեց բաբախել ինչ-որ մեկի սիրտը կամ ծնվեց նոր սիրտ: Մի պահ երբ մտածում ես այս ամենի մասին, ապա զգում ես քեզ ժամանակի ու տարածության խաչմերուկում: Մոտդ ուժեղանում է ժամանակի զգացողությունն այն աստիճան, որ ասես նոր բնակլիմայական պայմաններին ադապտացված կենդանի լինես: Ա՛յ, հենց հիմա, հենց այս վայրկյանին պատկերացրեք որ դուք զգում եք աշխարհի բոլոր մարդկանց զարկերակները: Ա՛յ, հենց այս պահին երեխա ծնվեց, մարդ մահացավ… Հենց այս պահին, երբ մոլորակի մյուս կողմում գիշեր է, մյուսում` ցերեկ, քանի՜-քանի՜ զույգեր հենց հիմա անկողնում ուժգին կրքով սիրում ու վայելում են միմյանց, իսկ քանի՜-քանի՜սն էլ հենց այս պահին անկողնում ձևացնում են, թե սեռական հաճույք ապրեցին: Հե՛նց հիմա պայթյուն տեղի ունեցավ, հե՛նց հիմա քաղաքի բանուկ թաղամասերից մեկում մի քանի տասնյակ մարդ զոհ գնաց ահաբեկչությանը, զոհ գնաց հենց այնպես, ապրեցի՜ն, ապրեցի՜ն տարիներ շարունակ ու աննպատակ զոհվեցին: Հենց այս վայրկյանին, այս պահին հուզվում են, լացում, ծիծաղում, ժպտում, խոսում, լռում, սեքսով զբաղվում, խուսափում սեքսից, հաճույքից գալարվում ու տնքում անկողնում, խոստովանում, խաբում, խփում, բռնաբարում, բռնաբարվում, ծեծում, ծեծվում, պայթեցնում, բուժում, փրկում, կործանում: Այս ամենը` հե՛նց այս պահին, աշխարհի տարբեր անկյուններում: Պատկերցրեցի՞ք: Մի պահ ասես ձեռքդ մոլորակի, կյանքի զարկերակին լինի: Երբ մտածում ես, որ հենց հիմա մի նորածին ճչաց ու ազդարարեց իր լույս աշխարհ գալու մասին, իսկ մեկ ուրիշն էլ փակեց աչքերն ու այլևս գոյություն չունի, ապա զգում ես, թե որքան մեծ է մոլորակն ու որքան կյանք կա նրա մեջ, որքան եռուն է այդ կյանքը, որքան անվերահսկելի: Հենց հիմա աշխարհի մի անկյունում մի գիտնական հավանաբար հայտնագործեց մարդկությունը տասնյակ տարիներ առաջ տանող մի գյուտ, իսկ մեկ ուրիշը իր ռումբի պայթյունով ավերեց ու ոչնչացրեց հազարավոր տարիներ անց մեր օրերը հասած համաշխարհային մշակութային ժառանգության մի որևէ նմուշ, օրինակ, ասենք մի գեղեցիկ կոթող: Մարդիկ տարբեր են, իրադրություններն ու հանգամանքները` նույնպես: Փորձենք իսկապես մտովի շրջել աշխարհում: Ա՛յ, հենց հիմա մեկը համբուրեց իր սիրելիին ու շշնջաց նրան սիրո խոսքեր, մյուսը վիճում է խանութում` մանրադրամը չվերադարձնելու համար, երրորդը հենց այս պահին փորձում է իր հայացքով դյութել սրճարանում դիմացը նստած մեկին, չորրորդը գոռում է իր բանվորների վրա, հինգերորդը հենց նոր կորցրեց կուսությունը, վեցերորդին բժիշկը հենց նոր ասաց, որ նա անբուժելի հիվանդ է, իսկ յոթերորդի ցավեցող ատամը վերջապես հանեցին: Հենց հիմա մեկը հազաց, մյուսը փռշտաց, երրորդը նոր-նոր հարբուխով է հիվանդանում, իսկ չորրորդն ընդհանրապես թոքաբորբ է: Ամեն վայրկյանը մենք ապրում ենք և այդ վայրկյանը ապրում են բոլորը, ապրում են մարդիկ, ապրում են կենդանիները, բույսերը, լեռներն ու ծովերը, երկինքն ու ամպերը: Այս վայկյանին վագրը գետնին տապալեց մի մեծ եղջերուի, խոտը ծակեց գետինը, ծլեց ու վեր ձգվեց, իսկ անձրևաջուրը հեղեղեց գետը` այն իր հունից հանելով: Ամեն վայրկյանը անկրկնելի է, պետք է ապրել այդ վայրկյանը:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել