Լրագրողի մասնագիտական աշխատանքի շնորհիվ է քաղաքացին տեղեկանում այն մասին, թե ինչպես են գործում պետական մարմինները, ինչ ծրագրեր են իրականացնում և ինչ թերություններ կան նրանց աշխատանքում: Այդ կերպ քաղաքացիներն ունենում են պետությանը վերահսկելու հնարավորություն:
Լրագրողների և մամուլի աշխատանքն առհասարակ լի է խնդիրներով: Պատճառներից մեկը լրագրողի մասնագիտության մասին ոչ ճիշտ ընկալումներն ու կարծրատիպերն են թե՛ պետական համակարգում, թե´ հասարակությունում առհասարակ:
Սա, ցավոք, հաճախ է դառնում լրագրողի իրավունքների ոտնահարման, նրա մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, անգամ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառ։ Այս աշխատանքը երաշխավորելու առաջնային պարտավորությունը պետությանն է:
Պարտավորության ձախողում է, երբ լրագրողի նկատմամբ անօրինական արարք թույլ տված պաշտոնյան կամ ցանկացած այլ անձ չի ենթարկվում անխուսափելի պատասխանատվության կամ ավելին` այդ անօրինական արարքն արդարացվում է:
Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը։ Լրագրողների պաշտպանված մասնագիտական աշխատանքն իրավունքի գերակայության և ժողովրդավարության երաշխիքներից է։
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել