Խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի․ դրանք կարող են սահմանափակվել, սակայն սահմանափակումը պետք է ունենա հիմնավորվածություն: Այս մասին այսօր ԱԺ-ում ՄԻՊ-ի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին

«Նախ, խաղաղ հավաքների ազատությունը պետք է երաշխավորված լինի: Բայց հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել: Բայց, ի վերջո, մեր պետական իրավասու մարմինները պետք է ձեռք բերեն բավարար հմտություններ՝ իրավունքի սահմանափակումը և համաչափությունը հիմնավորելու համար: Հակառակ պարագայում մենք անընդհատ գործ ենք ունենալու տարատեսակ խնդիրների հետ: Եվ այո՛, պետք չէ ընկնել ծայրահեղության մեջ: Հավաքների խաղաղ բնույթը պետք է երաշխավորվի, հավաքների ազատությունն իրոք կարող է սահմանափակվել, բայց այդ սահմանափակումները պետք է ունենան հիմնավորվածություն»:

Անդրադառնալով ոչ միայն Տավուշում, այլ նաև հանրապետության այլ հատվածներում տեղի ունեցած հավաքների հետ կապված խնդիրներին՝ Մանասյանը նշեց, որ դրանց ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր:

«Մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու և դա չկատարելու հիմքով անձանց ազատությունից զրկելու հետ կապված հարցեր, նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ խնդիրներ, որոնք վերաբերում են, օրինակ, անձին ազատությունից զրկելու հիմքերը և պատճառները նրան չներկայացնելուն և այլն: Բայց, միևնույն ժամանակ, արձանագրել ենք նաև հավաքի մասնակիցների կողմից բռնության, բռնության կոչերի գործադրման անթույլատրելիություն, ատելության խոսքի անթույլատրելիություն», - ընդգծեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ խնդիրներին չի կարելի նայել միակողմանի, և ընդգծելով պատշաճ երկխոսության կարևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել