Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին և հանդես եկել ելույթով:

Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը:

«Այս տարի մենք նշում ենք մեր կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի 75-ամյակը: Իր կազմավորումից 75 տարի անց Եվրոպայի խորհուրդը շարունակում մնալ մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության ոլորտում ամենակարևոր միջազգային կազմակերպություններից մեկը:

Հաշվի առնելով, որ մենք անցնում ենք դժվարին ժամանակաշրջանով, որտեղ հիմնարար սկզբունքների՝ ներառյալ ուժի չկիրառման նորմի խախտման շեմն անհանգստացնող կերպով բարձր է, կարևոր է, որ մենք վերահաստատենք այն արժեքները, որոնցով այս կազմակերպությունն առաջնորդվել է վերջին երեք քառորդ դարում:

Ցավոք, դա վերաբերելի չէ բոլոր անդամ պետություններին՝ թե՛ ներպետական ժողովրդավարական ինստիտուտների, թե՛ այլ երկրների հետ հարաբերությունների համատեքստում: Այս առումով Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մարդու իրավունքների և մարդասիրական առումով զգալի զարգացումներ են տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի աշխարհագրական գոտում՝ մասնավորապես Հարավային Կովկասում:

2023 թվականի սեպտեմբերին ինն ամիս տևած շրջափակումից հետո Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով աշխարհն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, որն արձանագրվել է Մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2023 թվականի հոկտեմբերի փաստահավաք այցի արդյունքներով:

Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ փախստականների կարճաժամկետ կարիքները: Մեկ այլ հրատապ մարդասիրական հարց է Ադրբեջանում անօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատման խնդիրը:

Միաժամանակ, մենք պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները: Ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչը ողջունվեց բազմաթիվ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից:

Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ վերջին՝ մայիսի 10-11-ին Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումից հետո, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հասնելու հարցում՝ հիմնվելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես արձանագրած է Ալմա-Աթայի հռչակագրով, պետական սահմանի սահմանազատման գործընթացում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հիմնվելով հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա:

Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը կոնվենցիաների իր համակարգով կարևոր դեր ունի խաղալու Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությունն ապահովելու և իր աշխարհագրական գոտում ապրող բոլոր մարդկանց իրավունքները պաշտպանելու գործում:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել Լիխտենշտեյնին Նախարարների կոմիտեի աշխատանքները նվիրվածությամբ առաջներդելու համար և մաղթել ամենայն բարիք հաջորդ նախագահությանը՝ Լիտվային»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել