Լատվիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Բայբա Բրաժեն ասել է, որ Ուկրաինան որոշ գործընկերներից ստացել է արևմտյան զենք՝ ռուսական տարածքին հարվածելու թույլտվությամբ։ Այս մասին նա խոսել է eurointegration.com.ua կայքին տված հարցազրույցում։

Աղբյուրը նկատում է, որ ներկայում Ուկրաինան արևմտյան գործընկերներից զենք է ստանում՝ այն Ուկրաինայի սահմաններից դուրս օգտագործելուց խուսափելու հրապարակային նախազգուշացումով։ Այնուամենայնիվ, Բրաժեն կարծում է, որ այս մոտեցումը կարող է փոխվել, և դեռ ավելին, այն արդեն փոխվում է։

«Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։

Ճշտող հարցին ի պատասխան նա հաստատել է, որ նման երկրներ իսկապես կան: Բրաժեն բացատրել է, որ այս դեպքերում սահմանափակումների վերացումը հրապարակային չի քննարկվել։

«Իհարկե, ամեն ինչ չէ, որ հրապարակայնորեն հայտարարվում է, և նույնիսկ ավելի լավ է դա չբարձրաձայնել մինչև որոշակի ժամանակ»,- ասել է նա։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ եթե կան օբյեկտներ, որոնցից Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա, ապա Ուկրաինան իրավունք ունի հակահարված տալ, եթե այդ օբյեկտները գտնվում են Ռուսաստանի տարածքում։ Ըստ Բրաժեի՝ զենքի նման օգտագործումը թույլատրված է միջազգային իրավունքով։

Սրան արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, որ եթե Լատվիայի ԱԳՆ-ն չի ստում, ուրեմն պետք է ներկայացնի այդ երկրների ցանկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել