Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է և պիտանի չէ իրացման համար։

Հուլիսի 19-ին ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե իբր Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Ըստ կայքի՝ վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար։

Արձագանքելով այդ հրապարակմանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Հայաստանից դեպի Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել։

«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է Խոջոյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը հունիսի 2-ից սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում քայլեր է ձեռնարկել արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ հայկական ապրանքների՝ եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորություն է ստեղծվել։ Հայաստանն այս ընթացքում արդեն իսկ որոշ ապրանքների արտահանում իրականացրել է դեպի Եվրամիության երկրներ։ Եվրամիությունը նախատեսում է նաև հայկական ապրանքների մոտ 80 տոկոսի ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես չեղարկել՝ որպես աջակցություն Հայաստանին ՌԴ-ի կողմից կիրառվող սահմանափակումների ֆոնին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել