Վաղարշապատ համայնքում ընտրակաշառք տալու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում ևս 13 անձի նկատմամբ է հանրային քրեական հետապնդում հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Նրանք մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025թ․ նոյեմբերի 16-ին կայացած ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ»,- հայտնեցին կոմիտեից։
Ինչպես պարզաբանեցին կոմիտեից, քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված է ընդհանուր 23 անձ։
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թ. նոյեմբերի 16–ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը, «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը (կալանավորվել է 2 ամսով խմբ․), կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Քոչարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել «Հայրենիք» կուսակցության պատասխանատու անձանց կողմից ընտրություններում իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք տալու և նույն համայնքի բնակիչների կողմից ընտրակաշառք ստանալու դեպքերով:



