ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ կարող է ևս մեկ լուրջ հարված հասցնել Իրանին, եթե նա վերսկսի իր բալիստիկ հրթիռների և միջուկային զենքերի մշակման ծրագիրը։ Թրամփը նաև նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ հետևանքների կբախվի, եթե չզինաթափվի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Թրամփը հայտարարել է, որ Իրանը, գուցե, աշխատում է իր զենքերի ծրագրերը վերականգնելու ուղղությամբ հունիսին իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ զանգվածային հարվածներից հետո։
«Ես կարդացել եմ, որ նրանք զենքեր և այլ բաներ են կառուցում, և եթե դա այդպես է, ապա նրանք չեն օգտագործում մեր ոչնչացրած օբյեկտները, գուցե՝ այլ օբյեկտներ։ Մենք հստակ գիտենք, թե ինչ ուղղությամբ են նրանք գնում, ինչ են անում, և հույս ունեմ, որ նրանք դա չեն անում, որովհետև մենք չենք ցանկանում վառելիք ծախսել B-2-ի (խմբ.՝ ամերիկյան ռմբակոծիչ) համար։ Դա 37-ժամյա ճանապարհ է երկու ուղղությամբ։ Ես չեմ ուզում շատ վառելիք ծախսել», – նշել է Թրամփը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ եթե Իրանը վերակառուցում է իր ծրագիրը, ապա Վաշինգտոնը ստիպված կլինի ոչնչացնել դրանք:
Թրամփը նաև հայտնել է, որ Նենթանյահուի հետ բանակցություններում կենտրոնացել են նաև Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրի վրա։ ԱՄՆ նախագահը նշել է, որ ցանկանում է անցնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հոկտեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլին։
Կողմերն իրար մեղադրում են հրադադարը խախտելու համար և դեռ չեն անցել համաձայնագրի հաջորդ փուլին, որով պահանջվում է ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և իսրայելական զորքերի հետքաշումը։
Թրամփը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լուրջ հետևանքներով, եթե շարժումը չզինաթափվի։
«Նրանք շատ ծանր գին կվճարեն», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, չնայած Թուրքիայի և Իսրայելի միջև լարված հարաբերություններին, Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Թրամփը լրագրողներին հայտնել էր, որ դեմ չէ Գազայի հատվածում թուրք խաղաղապահների տեղակայմանը։



