Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այս մասին ասված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո որոշ քաղաքացիներ և սոցցանցերի օգտատերեր սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ են կատարել։

Հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:

ՆԳՆ ոստիկանությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ պահպանելով հասարակական կարգը և ապահովելով բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել