Hraparak.am-ը գրում է․

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Ծատուրյանի նախագահությամբ ամբողջությամբ բավարարել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանի հայցն՝ ընդդեմ Երևանի ավագանու, անվավեր ճանաչելով Երևանի ավագանու ապօրինի որոշումը, որով դադարեցվել էին ավագանու անդամի նրա լիազորությունները։

Երիցյանն այս մասին գրել է. «Դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի ավագանու որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի, Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, հետևաբար ենթակա է անվավեր ճանաչման: Ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի, ինչպես նաև Երևանի ընտրողների՝ ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված իրավունքները կոպիտ կերպով ոտնահարվել են և չեն պահպանվել։Երևանի ավագանու կամայական որոշմամբ՝ Երևան քաղաքի քաղաքացիների քվեարկության հաստատաման կարգը փոխվել է: Գրիգորի Երիցյանը փաստացի իրացրել է իր բոյկոտելու իրավունքը, որի համար ոչ իրավաչափ կարգով, անօրիանական վաղաժամկետ զրկվել է իր լիազորություններից։

Ավագանու այլ անդամների բացակայությունները հիմք չեն հանդիսացել վերջիններիս լիազորությունները դադարեցնելու համար, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Գրիգոր Երիցյանը եղել է թիրախավորված, վերջինիս քաղաքական հայացքների համար: ՀՀ Սահմանդրության 42-րդ հոդվածով, որը հստակ ամրագրում է՝ կարծիքի արտահայտման մասին ազատությունը, պետք է փաստել, որ ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի կարծիքի ազատ արտահայտման իրավունքը կոպտորեն ոտնահարվել է: Հույս ունեմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Երևանի ավագանու իր կամակատարները գիտակցում են իրենց ամոթալի որոշման հետևանքները և դրա բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդավարական վարկանիշի վրա։ Այս ապօրինի որոշման տակ ստորագրած յուրաքանչյուրը գողացել է մեզ ընտրած 43,765 ՀՀ քաղաքացիների ձայները։

Սա կարևոր նախադեպ է հետագա բոլոր նմանատիպ գործերի համար։ Քաղաքացիների ընտրության արդյունքում ձևավորված քաղաքական մարմինները չպետք է ընտրություններից հետո ձևափոխվեն օրվա իշխանությունների քիմքին համապատասպան»։ 

Գրիգոր Երիցյանին «Հրապարակը» հարցրեց` երբվանի՞ց է վերականգնվելու ավագանու մանդատը, Երևանի քաղաքապետարանը փոխհատուցելո՞ւ է իր վնասները, թե՞ ոչ: Երիցյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սա դատական համակարգում նախադեպային գործ էր: Նախկինում նման որոշումներ չէին եղել: Դեռևս պարզ չէ, թե որն է լինելու հաջորդ քայլը: Ինձ փաստացի ապօրինի զրկեցին իմ լիազորություններից, իսկ հետո դատարանի որոշմամբ ավագանու որոշումը համարվում է առ ոչինչ: Եթե ավագանու որոշումը անվավեր է ճանաչվում, ապա դա նշանակում է, որ ես շարունակելու եմ իմ աշխատանքը այնպես, ինչպես առաջ: Այլ հարց է, որ որոշումը կարող են վիճարկել, ինչից հետո նոր նիստեր պետք է լինեն, նոր պրոցեսներ և այլն: Ես նկատում էի, որ ամեն գնով փորձում էին դատական նիստերը ձգձգել ու երկարացնել, նիստերին չէին գալիս և այլն, որպեսզի հնարավորինս պրոցեսը ուշ ավարտվի, ավագանու այս փուլը ավարտվի նոր միայն: Սակայն դատական գործընթացները տևեցին 1 տարի և մի քանի ամիս: Պետք է դատարան միջնորդություն ներկայացնենք, որպեսզի վերականգնվեն իմ լիազորությունները: Եթե դատարանի որոշումը չբողոքարկեն, ապա այն ուժի մեջ է մտնելու: Դատարանի այս որոշմամբ` Երևանի ավագանու որոշումն անվավեր է, բռնագանձում է իրականացնելու հօգուտ ինձ` դատական ծախսերի համար, ինչպես նաև կողմերին պատրադրելու է իրականացնել այն: Կդժվարանամ ասել, թե ինչ է անելու Երևանի ավագանին, սակայն ես այնուամենայնիվ դիմելու եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի իմ մանդատը վերականգնվի: Ես պատրաստ եմ մասնակցել ավագանու հաջորդ նիստին: Մեր այն ենթադրությունը, որ այս պրոցեսն օրինական չէր և գործող սահմանադրությունը խախտող որոշում էր, ապացուցվել է դատարանի կողմից: Սա նախադեպ է ավագանու մյուս անդամների համար, որոնց նույն հիմքով իշխանությունները զրկել են մանդատից: Այս վճիռն իրենց գործերում կարող են օգտագործել որպես փաստ, որ չի կարելի օրենքը որպես մահակ կիրառվել` քաղաքական նպատակների համար: Ինձ հեռացնելու հիմքը ոչ թե ավագանու նիստերին չմասնակցելն էր, այլ այն էր, որ հանձնաժողովի նիստերը բոյկոտել եմ և չեմ լեգիտիմացրել: Պատմության մեջ երբեք ոչ մեկին չէին զրկել ավագանու մանդատից, հանձնաժողովի նիստերին չներկայանալու համար: Եթե այդ հիմքով սկսեն ավագանու անդամներին հեռացնել, ապա իրենց անդամների  կեսից ավելիին պետք է զրկեն մանդատից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել