Tert.am-ը գրում է.
Ադրբեջանը և Հայաստանը ուրբաթ Վաշինգտոնում կստորագրեն փոխըմբռնման հուշագիր՝ պարտավորվելով հետամուտ լինել խաղաղության հաստատմանը: Այս մասին գրել է Middle East Eye պարբերականը՝ վկայակոչելով տարածաշրջանային աղբյուրներ:
Աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ստորագրման արարողությանը մասնակցելու համար։
Չնայած Հայաստանը և Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմաններ՝ նախքան համաձայնագրի կնքումը։ Ադրբեջանի պահանջներից գլխավորը այն է, որ ՀՀ-ն փոփոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելով Ադրբեջանի տարածքին վերաբերող հղումները, մի քայլ, որը կպահանջի համազգային հանրաքվե Հայաստանում։
Աղբյուրները հավելել են, որ երկու առաջնորդները, ինչպես սպասվում է, կստորագրեն «մտադրությունների նամակ», այլ ոչ թե խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը Թրամփին կապահովի դիվանագիտական ձեռքբերում։
Երկուշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին՝ գագաթնաժողովի մասին տեղեկացնելու համար, MEE-ին հայտնել է տարածաշրջանային երրորդ աղբյուրը։
MEE-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կառավարություններին։
Հիմնական վիճելի կետերից մեկը մնում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը Հայաստանի տարածքով կկապի մայրցամաքային Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ։ Հայաստանը մերժում է «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն իր մեջ կրում է իռեդենտիստական հետևանքներ իր ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



