Tert.am-ը գրում է․

Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ խոսելով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին:

«Անբովանդակությունը հրաժարականի պահանջի բովանդակության մեջ է: Արդեն նշեցի, որ վերջին տարիներին շատ ենք տեսել նման հավաքներ, որոնք գնացել են մարման: Շարժման մասնակիցները, երբ Տավուշից հասան Երևան, փոխվեց շարժման բովանդակությունը և վերածվեց հրաժարականի պահանջի: Հանրության արձագանքը եղավ այն, որ առաջին հանրահավաքից հետո սկսեցին չգնալ հանրահավաքներին»,- ասաց փոխքաղաքապետը:

Մինչ այդ Փամբուխչյանը շարժման մասին խոսել է նաև ավագանու նիստի ամբիոնից.

«Հասկանում եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի անհաջողությունների ֆոնին, քանի որ կար նաև այլ հարթակ Հանրապետության հրապարակում, մեր ընդդիմությունը չի կարողանում իր ասելիքները տեղ հասցնել և իրենց գործընկեր խմբակցությունը փորձեց այդ ամենն այստեղ բեմադրել ու այս հարթակից ասել այն, ինչ ասում է վերջին չորս-հինգ տարիներին»,- նշեց նա:

Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ պայքարին միանում են այն դեպքում, երբ մարդը հասկանում է խնդրի բովանդակությունը, ինչի մասին է պայքարը և հավատում է պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդկանցից սկսած․

«Բայց դուք հարթակից էթնիկ զտման եք ենթարկում ՀՀ քաղաքացիներին և հեռու չի այն օրը, երբ փորձեք ասել, որ հայ լինելու համար Հայկ Նահապետից տեղեկանք բերեք, 26-րդ ձև ներկայացրեք, որ դուք սերում եք Հայկ Նահապետից։ Սա էթնիկ զտման դասական դրսևորում է և դա հնչել է ձեր հարթակից»,- շեշտեց փոխքաղաքապետը:

Հիշեցնենք՝ այսօր ավագանու նիստի ժամանակ «Մայր Հայաստանը» հաջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման պաստառներով ակցիա է իրականացրել:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու իշխանական ու ընդդիմադիր անդամներին հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել