Hraparak.am-ը գրում է․

Հայ հայտնիներից շատերը` երգիչներ, դերասաններ, հեռուստատեսային դեմքեր, նույնպես երեկվանից Հանրապետության հրապարակում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում` ընդդեմ այս իշխանությունների վարած քաղաքականության: Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը եւ քայլերթով միացել է սրբազանի գլխավորած ակցիային եւ երեկվանից Հանրապետության հրապարակում է: 

- Անահիտ, ի՞նչ սպասելիքներ ունեք: Ի՞նչ եք կարծում` կստացվի՞ այս իշխանություններին գահընկեց անել:

- Ես Բագրատ սրբազանի կողքին եմ: Համակրում եմ իրեն` իր անձը, իր անցած ճանապարհը: Իր ցանկացած խոսք ու ասելիք ինձ մեծ հույս ու հավատ են ներշնչում: Ես այս մարդկանց մեջ տեսնում եմ ճշմարտություն, հավատում եմ նրանց խոսքին, ես քաղաքական գործիչ չեմ, ոչ էլ քաղաքագետ եմ, բայց հավատում եմ սրբազանի ամեն մի խոսքին:

- Ի՞նչը Ձեզ ստիպեց դուրս գալ պայքարի:

- Ես հայրենիք սիրող մարդ եմ: Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված, ինչպե՞ս կարող եմ այս գաղափարների ետեւից չգնալ: Ո՞նց կարող եմ չկիսել ազգային գաղափարները:

- Իշխանություններն էլ են իրենց հայրենասեր համարում: Նրանք կարծում են, թե ինչ անում են, ճիշտ են անում, մեզ համար են անում, մեր պետության ինքնիշխանության:

- Դե տեսանք այն, ինչ տեսանք:

- Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշից չորս գյուղ հանձնելու մասին:

- Ես, բնականաբար, դեմ եմ դրան: Ո՞նց կարելի է հայրենիքը մաս-մաս հանձնել: Դա՞ է հայրենասիրությունը:

- Դրան էլ պատասխան ունեն. ասում են` պատերազմ ենք կանխում, եթե չտանք, Ադրբեջանը կհարձակվի: Պայքարի ելած մարդկանց էլ մեղադրում են պատերազմ հրահրելու մեջ:

- Այդ մասին Բագրատ սրբազանը հրաշալի խոսում է, հրաշալի տալիս է այդ բոլոր թեզերի արժանի պատասխանները: Ես պարզապես խորհուրդ կտամ բոլոր մոլորյալներին՝ լսել Բագրատ սրբազանի խոսքը:   Նա շատ հստակ է խոսում հրահրելու մասին, ուղղակի լսեք այդ մարդուն, նայեք նրա կենսագրությանը, որպես քրիստոնյա, ուրիշ վերլուծությունների կարիք չի լինի:

- Ի՞նչ մթնոլորտ է հրապարակում այժմ:

- Սիրո, հարգանքի, հույսի, հավատի, հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Ես Աբովյանից քայլել եմ, հրապարակում շարունակելու եմ իմ պայքարը, տղաս էլ այսօր չի գնացել դպրոց: Հետեւելու ենք սրբազանի խոսքին, մինչեւ լույսը բացվի:

- Օրինակ, փողոցով իշխանության եկած Հակոբ Արշակյանը` ԱԺ փոխնախագահը, երեկ հայտարարել է, որ սխալ է փողոցային պայքարով հարցեր լուծելը:

- Կլռեմ ու կժպտամ: Ճշմարտությունը հաղթելու է ստին, եռագույնն էլ՝ սեւ ու սպիտակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել