Հայաստանը, աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմական և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: 

«Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա։ Ներկայում մեր ազգային շահը պահանջում է, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և նրա բոլոր անդամ երկրների հետ: Դա չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և դա մի բան է, որը մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին», - հավելել է նա։

Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն այժմ սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ ռազմական դաշինքին, հրավիրել է ամերիկյան զորքերին երկրում համատեղ զորավարժություններ կազմակերպելու և հաստատել է երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը՝ Ադրբեջանի հետսահմանի երկայնքով բախումները զսպելու համար: Միևնույն ժամանակ, Երևանն ակտիվացրել է ջանքերը՝ խուսափելու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից՝ աշխատելով կանխելու զգայուն ապրանքների արտահանումը:

Բայց, ըստ Բալայանի դա չպետք է դիտարկել որպես «Ռուսաստանի հաշվին  շրջադարձ դեպի Արևմուտք»։

«Երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին ռուս դիվանագետների հետ, և ես նրանց ասում եմ, թե ինչ ենք անում, երբեք որևէ հակափաստարկ չեմ ստացել, թե ինչու չպետք է այսպես անենք, թե ինչպես կարող են եվրոպական և ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում վնասել ռուսական շահերին», - եզրափակել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել