Shamshyan.com-ը գրում է․


Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» այգու դիմաց Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ մայրը, տատը և թոռը, մահացողը մայրն է, ով հղի էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել