
Hraparak.am-ը գրում է․
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը մտահոգված է ԼՂ մեծ թվով բնակիչների` դեպի Հայաստան տեղաշարժի շուրջ ստեղծված իրավիճակով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը․
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգ է տարածաշրջանային վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց` դեպի Հայաստան տեղաշարժով: Անհրաժեշտ է, որ տեղահանվող բնակչության իրավունքները պաշտպանվեն, և վերջիններս ստանան պահանջվող հումանիտար օգնությունը, ինչպես նաև փախստականների վերաբերյալ միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանություն»,- ասել է նա:
Հաքի խոսքով, կազմակերպությունը ներկայում չի մասնակցում հումանիտար աշխատանքներին, սակայն պատրաստ է օժանդակություն ցուցաբերել:
«ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանի հարավային հատվածում են, որտեղ ուղևորվում է տեղահանվող ԼՂ բնակչության մեծ մասը: Ինչ վերաբերում է ԼՂ-ին, որտեղից բնակիչները տեղահանվում են, ապա այնտեղ, որքան տեղյակ եմ, գտնվում են ԿԽՄԿ ներկայացուցիչները»,- նշել է Գուտերեշի ներկայացուցիչը։