168.am-ը գրում է.

Մարտի 30-ից, ինչ  Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին Տեղ համայնքին պատկանող դաշտեր և սկսել էին դիրքավորվել, տեղի բնակիչների համար խնդիրներ էին առաջացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու առումով, թեպետ փորձում էին իրենց ցանած հողը մշակել։

Այսօր ներխուժման հետևանքով բազմաթիվ բնակիչների ցանած դաշտերը մնացել են թշնամու հսկողության տակ։

168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար, Արավուսի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ իրավիճակը համեմատաբար նորմալ է,  այս պահին դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ չեն կատարում, բայց առաջիկայում կատարելու են։

Բայց Արգամ Հովսեփյանին, Տեղ համայնքից ավելի շատ, անհանգստացնում է  Արցախը, քանի որ համարում է, որ Արցախը ոչ միայն ամբողջ Հայաստանի, այլև հենց առաջին հերթին՝ Սյունիքի անվտանգության դարպասն է։

Եվ մեր զրուցակիցը հակադարձելով  Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ճանաչում է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քկմ տարածքով՝ ներառյալ նաև Արցախի Հանրապետությունը, ասաց.

«Հիմա ես չեմ ուզում կոպիտ բառ օգտագործեմ, բայց համարեք, որ օգտագործում եմ։ Ոչ մեկն իրավունք չունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, դա իրենցով չէ ճանաչելը կամ չճանաչելը։ Արցախը, եթե ոչ դարեր շարունակ, ապա հարյուրավոր տարիներ եղել է հայկական, այդ ո՞նց են դարձնելու ադրբեջանական։ Մեկ անձը կարո՞ղ է Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում, դա երբևէ չի էլ լինելու»,- նշեց նա։

Արգամ Հովսեփյանի բնորոշմամբ՝ Արցախը Հայաստանի սիրտն է, ողնաշարն է։

«Հիմա ադրբեջանական դիրքերը մեր տաշնից 100 մետր հեռավորության վրա են, հայկական դիրքերից՝ 50 մետր։ Այսինքն՝ մենք այստեղ պետք է կանգնենք դիրքերում, Արցախը տան Ադրբեջանին, Սյունիքն էլ կանգնի նայի՞։ Նման բան չի կարող լինել, ավելին՝ ոչ մեկը նման իրավունք չունի՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»,- եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:

Ադրբեջանական սադրանքի հետևանքով  հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել