Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 14-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Mersedes 222 մակնիշի ավտոմեքենան վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Արտակ Արսենյանը, իսկ VAZ 2121-ը վարել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 28-ամյա Կարեն Հակոբյանը:

Վթարի հետևանքով վերջինս տեղում մահացել էր, իսկ Ա. Արսենյանը «մարմնի բազմաթիվ քերծվածքներ, ձախ բազուկոսկրի կոտրվածք, աջ ծնկան հոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Արսենյանը «դեմքի քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Պարզվել է, որ նախորդ հրապարակմամբ, երբ հայտնել էինք, որ Mersedes-ը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատերերից Աշոտ Արսենյանի եղբոր որդուն՝ Անդրանիկ Արսենյանին, հաստատվել է: Իսկ վիրավոր Գ. Արսենյանը վարորդ Ա. Արսենյանի տղան է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին՝ ապրիլի 14-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել էին Mercedes 222 մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ էր բռնկվել, Niva-ն էլ գլխիվայր շրջվել էր։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները մարել էին Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մի քանի հոգի տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ էր գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել