Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ Տեղ համայնքի ողջ սահմանային հատվածում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցություններ են ընթացել հայ-ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների միջեւ։ Ըստ մեր աղբյուրի՝ Սյունիքում է եղել նաեւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։ Փորձել են ադրբեջանցիներին համոզել՝ փոքր-ինչ նահանջել նախորդ օրը գրաված դիրքերից՝ առնվազն մինչեւ Բարեկամության արձանի հատվածը, որի շուրջը, ըստ տեղեկությունների, նախնական պայմանավորվածություններ են եղել։ Սակայն բանակցություններն անպտուղ են եղել, եւ ադրբեջանական զինուժը շարունակում է խրամատավորվել Տեղ համայնքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող այգիներում։ Առհասարակ, ադրբեջանցիները, ի տարբերություն հայերի, երբեք կամովին չեն հրաժարվել իրենց ձեռքբերումներից։

Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ երեկ անգամ ձեռնամարտ է եղել հայ եւ ադրբեջանցի զինծառայողների միջեւ, չնայած 2020 թվականից հետո Տեղ համայնքի տարածքում հայ դիրքապահներ չեն տեղակայվել, եւ ընդամենը մեկ կամ երկու ռուսական խաղաղապահների հենակետ է այստեղ եղել։ Այդուհանդերձ, նախօրեից ՊՆ-ն ուշացած քայլեր է ձեռնարկել՝ տասնյակ զինվորներ է տեղակայել այդ հատվածում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել