Մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել, որը շատ դժվար է ստացվում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը:

«Սպայական կազմի կրթական մակարդակն ապահովելու, ռազմատեխնիկական գիտելիքների բազմաթիվ թերություններ են եղել: Չասեմ՝ լրտեսության, բայց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ են եղել, որոնց հետ կապված հարուցվել են քրգործեր»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի նշած «5-րդ շարասյանը»՝ Խաչատրյանը նշեց.

«Հինգերորդ շարասյան երկու դրսևորում կարող է լինել. մեկը՝ երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես և կա, որ մարդը կամա, թե ակամա սպասարկում է այլ պետության շահեր, ոչ թե սեփական պետության, դա  կոչվում է 5-րդ շարասյուն: Այդ երևույթը դժբախտաբար նաև բանակում է դրսևորվել, երբ բանակի համար այս կամ այն չափով պատասխանատու անձը սպասարկել է ոչ հայկական սահմանի պահպանման կամ Արցախի անվտանգության շահերը»:

Հարցին՝ արդյոք դա խոսում է իշխանության վատ քաղաքականության մասին, Խաչատրյանը պատասխանեց. «Դա նշանակում է, որ իշխանությունն իր առջև դրված բոլոր հարցերն ամենայն արդյունավետությամբ դեռ չի լուծում, որովհետև դժբախտաբար հարցերը շատ են, կեղտը շատ է կուտակվել, մաքրելը հեշտ չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել