Hartak.am-ը գրում է.

Ցավոք սրտի 2795 տարեկան Երևանի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Երևան քաղաքի, հատկապես կենտրոնի բարեկարգ շենքերի բնակիչների մեծամասնությունը  օտարերկրացիներ են, մասնավորապես` պարսիկներ: Միայն մի բան կարող եմ ասել, առաջ մտնում էի իմ շենք, որտեղ ապրում եմ և հայ հարևաններիս եմ հանդիպում, որոնցից շատերը բնիկ Երևանցիներ էին, կամ եզակի դեպքերում Հայաստանի այլ քաղաքներից եկած մարդիկ, աստիճաններով բարձրանալիս նրանց դռների հետևից ականջովս էր ընկնում նրանց հայերեն խոսքը, իսկ այսօր մտնում եմ շենք և նախկին հարևաններիս փոխարեն հանդիպում եմ անծանոթ պարսիկների, /որոնք բարևելով ինձ ուրախ և զվարթ տեղեկացնում են, որ իրենք այս շենքում բնակարան են գնել/, իսկ նրանց դռան հետևից ականջովս ընկնում է պարսկերեն խոսքեր:

Սա է մեր իրականությունը և 2795 տարեկան Երևանի ամենամեծ ձեռքբերումը: Ամոթ է, ամոթ: Արդյոք մենք մեզ հարց տվել ենք, թե ում համար ենք գեղեցկացնում Երևանը օտարերկրացիների, թե նրանց համար ովքեր վաղուց լքել են այս երկիրը, արդյոք մենք մեզ հարց տվել ենք, թե քանի գրոշ արժեն Երևանի ընտրություններից առաջ հնչած կարգախոսները, եթե հայը պետք է այս քաղաքը լքի իր տեղը զիջելով այսօր պարսիկներին, վաղն էլ` թուրքերին: Միգուցե որոշ պաշտոնյաներին ձեռք է տալիս ժողովրդական լեզվով ասած այս  «ռասկլադը»,  չէ որ օտարերկրացիները երբեք տրանսպորտի սակագնի հարց չեն բարձրացնի, չէ որ օտարերկրացիները գազի ու լույսի սակագնի կռիվ չեն տա:

Հեռու չգնանք, մի քանի օր առաջ կողքի մուտքի հարևանս իր ընտանիքի հետ արտագաղթեց, հիմա ամեն օր այդ կողմով անցնելուց ակնկալում եմ տեսնել ոչ թե հայ նորաբնակ ընտանիքի, այլ օտարազգու:

Հ.Գ. Միգուցե 2775 տարեկան Երևանը ավելի «տգեղ» էր, քան 2795 տարեկանը, բայց այնտեղ երևանցիների փոխարեն օտարները չէին բարգավաճում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել