Օրերս աչքովս ընկավ մեր ազգի կողմից «ընտրված» մի հանրահայտ մարդու՝ ներկայիս էլիտայի ներկայացուցչի ելույթը: Էդ մարդն ասել է հետևյալը՝ «Ծառուկյանը շատ լավ մարդ է, իմ ընկերն է, ինքը լիքը բաներում մեղավոր չի, կամ չգիտեմ... օրենքը գործում է էս երկրում»: Օրենքն, ըստ այս մարդու, գործում է էս երկրում: Երկիր, որտեղ իր իսկ սիրելի վարչապետը պնդում է, որ Խորհրդարանը լեգիտիմ չէ, իսկ իր հրահանգով վնգստացող դատավորները սպասարկում են միայն էլիտայի շահերը:
Վերոհիշյալ մեջբերման մեջ պարփակված ա Հայաստանի անցյալը, ներկան ու ապագան: Էսպիսի բառերի հեղինակներին պարթևները մաշկը քերթում էին, հարդով լցնում ու չուչել էին սարքում, որ բոլորը տեսնեն: Էսպիսի մարդկանց հռոմեացիք գլխատում էին, օսմանցիները բռնաբարում ու ստրկացնում, ռուսները ուղարկում էին տաժանակրության, Սովետը աքսորում էր Սիբիր, իսկ հայերը սարքում են էլիտա...
Արմավիրում մի համայնքապետ կա, որ սկզբունքորեն ամեն տարի լափում է հակակարկտային կայանների լիցքավորման փողն ու ամեն անգամ, երբ կարկուտը ոչնչացնում է բերքը, սա իր համագյուղացիներին ասում է, որ հակակարկտային կայանները նախկիններն են պուլտով անջատում: Ու էս մարդը վերընտրվում է, իսկ սովետը, ցորենի վեց հատիկ վազք փչացնելու համար, գնդակահարում էր:
«Հոգևոր հովիվներ» կան, որ, օրինակ, Գեղարքունիքում պատերազմի օրոք քարոզում էին, որ ուղղադավան քրիստոնյան չի կարող ու չպիտի ձեռքը զենք վերցնի ու կռվի Ադրբեջանի դեմ: Իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ սրտիկներ էին բաժանում ու պնդում, որ արցախցիները ստորաբար չեն կռվել: Իսկ ցարական բանակի սպա Նժդեհը սրանց ձորն էր գցում:
Արագածոտնի մի գյուղում 80 տարեկան տատիկ կա, ում անունով բացված ընկերությունը բյուջեից կես միլիարդ դոլար փող ա դուրս գրել ու լափել: Դուրս գրողը 8 տարի է երկրի էլիտան է: Իսկ օսմանցիները ստիպում էին, որ հայերը վճարեն հայկական եկեղեցու տասանորդները:
Մայրաքաղաքի էլիտան ընտրությունից առաջ կենտրոնում բազմահարկի շինթույլտվություն է տվել շենքերի, որոնք չունեն կանալիզացիա: Իսկ Հռոմի ընտրած Սահակ արքեպիսկոպոսը և Ներսես զորավարը Ռավեննա քաղաքում տաճար են սարքել, որի ներքին հարդարանքը Կայսր Շարլեմանը տարել է Ախենի տաճար, որ այնտեղ թագադրվեն կայսրության ժառանգները:
Սովետը Քաջարանում կոմբինատ է սարքում ու սահմանափակում հումքի տարեկան արդյունահանումը 9 մլն տոննայով: Սովետից 30 տարի անց գալիս է հայկական եվրոպամետ էլիտան, գերմանացիքի ձեռքից խլում է այդ հիմնարկը, տալիս ռուսներին, արդյունահանման ծավալը հասցնում 30 մլն տոննայի ու հիմնարկից գողացված գումարով պահում պետական էլիտար ապարատը: Մինչդեռ գերմանացիք 250 մլն փող են տալիս, որ Իրան-Հայաստան ճանապարհ կառուցվի: Փողն էլ տալիս են իրանցիներին, որ իրոք կառուցվի:
Պոլսո հայոց պատրիարքարանը ստեղծվել է 1461 թվականին՝ օսմանցիների կողմից Կոնստանդնոպոլիսը գրավելուց 8 տարի հետո: Մինչ այդ, բյուզանդացիքի օրոք, 20%-ով հայերից բաղկացած այդ քաղաքում հայերին համարում էին հերետիկոս, աղանդավոր և արգելում էին նույնիսկ եկեղեցի ունենալ: Պետական մակարդակով օսմանցիները հայերին հռչակել էին պատվավոր «millet-i sadika» կոչումով, որը նշանակում էր հավատարիմ ազգ, իսկ մուսուլման կրոնական առաջնորդները հայերին հռչակել էին «ehl-i kitab», այսինքն՝ գրքի ժողովուրդ: Հաջորդ 300 տարվա ընթացքում հայկական եկեղեցին ահռելի զարգացում է ապրում: Հայերն ունեին ավելի շատ դպրոց, քան որևէ այլ բնակչության շերտ, այդ թվում նաև մուսուլմանական: Հայերի ներկայությունը քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում անհամաչափ ավելի մեծ էր, քան որևէ այլ խմբի: Ու սա, ցավոք, օրինաչափություն է:
Հայկական վերելքները, բացառությամբ մեկ դեպքի, միշտ եղել են օտարի վերահսկողության տակ: Պարթևական տոհմերը ամենաարդյունավետն են կառավարել Հայքը: Մեր ազգային ինքնության միակ հիմնաքար հանդիսացող եկեղեցին ստեղծել են Հռոմի հպատակ պարթևները: Մենք կարողացել ենք գլոբալ մակարդակի ազդեցիկ դեմքեր և հաստատություններ ունենալ պարթևների, Հռոմի, օսմանցիների, ռուսական կայսրության և Սովետի կառավարման ներքո: Միակ բացառությունը Կիլիկիան էր:
Սովետական իներցիայի բերումով անկախացած ներկայիս Հայաստանն էլ անկախացումից 30 տարի անց կարելի է բնութագրել մեկ բառով՝ անտեր: Պատմությունը մեզ համառորեն ապացուցում է, որ մենք տեր չենք կարում լինել, բայց օտար տիրոջ առկայության պարագայում ահագին առաջադիմում ենք: Փաստացի հայկական էլիտան ծնվում ու զարգանում է միայն այն պարագայում, երբ էլիտաների սելեկցիան կատարում է ոչ թե ժողովուրդը, այլ` օտարը: Սովետը մեր մեջից ընտրում էր Արամ Խաչատուրյանին և Առնո Բաբաջանյանին, իսկ մենք մեր մեջից ընտրում ենք Արամ Ասատրյանին: Սովետը մեր մեջից ընտրում էր Անաստաս Միկոյանին և Հովհաննես Թևոսյանին, մեկը դառնում է Սովետի արտաքին քաղաքականության հայրը, իսկ մյուսը ռազմարդյունաբերության հայրը, իսկ մենք ընտրում ենք Արարատ Միրզոյանին ու Գևորգ Պապոյանին, որ մեկը մի քանի կիլո ծիրան ուղարկի Բրյուսել, իսկ մյուսը ջեմի ռեցեպտը տա: Սովետը նույնիսկ սեփական փլուզումից հետո մեզ տալիս է Քրիսափոր Իվանյան ու Հրաչյա Անդրեասյան, իսկ մերոնք գենշտաբի պետ են նշանակում մեկին, ով ասում ա, որ ադրբեջանցիք կսովածանան, կգնան...
Բեկ Փիրումյանին էլ, Նժդեհին էլ, Անդրանիկին էլ, Դրոյին էլ «ընտրել» էր Ցարական ռուսաստանը: Ընտրել էր, զենք էր տվել ու զորք, իսկ հայերը Նժդեհի սկի մի ձի չէին տալիս, եթե ճակատին զենք չէիր պահում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել