Ես իրատես եմ նույնքան, որքան և երազկոտ: Գուցե այդ երկու իրար հակասող հատկանիշների շնորհիվ է, որ ես կյանքին նայում եմ այնպես, ինչպես որ կա, բայց միևնույն ժամանակ դեն չեմ նետում իմ վարդագույն ակնոցները, քազնի դրանք ես հաճախ եմ կրում բութ իրականությունից կտրվելու, մի պահ աշխարհից վերանալու, ցնդելու համար:


    Ես հիմա էլ իմ վարդագույն ակնոցները կհագնեմ, քանզի խոսելու եմ այն լուսավոր ու անհաս քաղաքի մասին, որի մասին չեմ կարող երազել առանց երևակայության, առանց պատկերացումների ու հույզերի: Մի քաղաք որտեղ արևը լույս է տալիս և′ ցերեկը, և′ գիշերը, որտեղ մարդը մարդ է հոգով, այլ ոչ թե զուտ անվամբ, որտեղ մարդուն գնահատում ու հարգում են, ոչ թե իր հարստության, իր սոցիալական բարձր դիրքի, անշարժ ու ծանր մարմինը այս ու այն կողմ տանող-բերող չորսանիվների, իր ոտքերը լիզող գլխաքանակների, ուրիշի ձեռքից հափշտակված հացի փշրանքներիև լայն ու հարմարավետ զուգարանակոնքի առկայությամբ, այլ հենց իր մարդ տեսակի համար, մարդ, որ երբեք չի մահանում: Իմ արևի քաղաքի մարդիկ անմահ են, անմահ իրենց արած գործերով, իրենց վեհ ու անպարտ կեցվածքով, մարդիկ, որոնք սովորել են ապրել, կրկնում եմ ապրել, այլ ոչ թե գոյատևել: Մարդիկ, որոնք հանուն իշխանության իրար միս չեն ուտում, միմիյանց չեն հայհոյում ու չեն վարկաբեկում, անկուշտ գազանի նման միմիյանց արյուն չեն ծծում, ընկածին վերևից չեն նայում, այլ միմիյանց ձեռք են մեկնում, մարդիկ, որոնք ապրում են լիուլի հավասարության մեջ, այնպիսի ազնիվ ու անկեղծ հասարակությունում, որ անգամ մեկ ցորենի հատիկն են կիսում միմիյանց միջև, նրանք չեն չարախոսում ու կեղծում, ապրում են բոլորը գոհ ու երջանիկ, առանց չարության ու նախանձի:
Ծիծաղելի է, բայց մեր ժամանակի իշխանավորները ճիշտ արևի քաղաքի իշխանավորների հակապատկերն են՝ չան ու կաշառակեր, գող ու բանսարկու, որոնք սովոր են աթոռներին նստելու փոխարեն կանգնել դրանց վրա, նրանք իրենց ստրուկ հոգով ստրկացնում են մեզ, ստիպում քարշ գալ իրենց հետևից, հանուն ինչ-որ գրոշի:
  Գուցե իմ Արևի քաղաքը այդպես էլ երազանք կմնա, գուցե շատերը կերազեն նրա մասին, բայց ոչ-ոք չի հանդգնի դուրս պրծնել այն կապանքներից, որոնցով շղթայված ենք մեր սեփական երկրում:
  Եվ ի վերջո, եկեք ապրենք այնպես, որ մեր շիրիմի մեխակներն անգամ չափսոսան երբեք մահվան սիմվոլը դառնալու համար, ապրենք այնպես, որ մահվան շեմից ետ նայելուց՝ չափսոսանք, որ  մարդ չդարձանք, քանզի  մարդ դառնում են, մարդ չեն ծնվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել