Աշուն էր, խոր աշուն: Կանգնել էի ձեր փողոցում` պատուհանիդ տակ: Անթարթ աչքերս հառել էի այնտեղ, ուր հանգիստ ննջում էիր կիսախավար մթության մեջ: Պարզ տեսնում էի վառվող ջահը քո սենյակի, որը կարծես վերջին ճիգերն էր գործադրում աղոտ լույս արձակելու համար: Գիտեի, որ քնած ես, քանզի արթուն են նրանք, ովքեր երբեք չեն քնում: Այնպես կուզեի քեզ նման քնել, լինել քեզ նման` սառն ու անտարբեր, ինչպես աշունը: Շուրջս դատարկություն էր, միայն չարաճճի քամին էր համառորեն պարում ինձ հետ, շոյում էր մազերս, կախվում իմ զգեստից` քաշքշելով այն այս ու այն կողմ: Նա ինձ չէր հասկանում, չէր գիտակցում, որ չեմ ուզում պարել իր հետ միասին նույն պարահանդեսում, պարել չեմ ուզում, ուզում եմ քնել: Անկոչ հյուր էի ձեր փողոցում, ուր սիրտ մաշող լռությունը խաթարվել էր անհրապույր քամու սուլոցի պատճառով, քամին սուլում էր, կանչում էր մեկին, իսկ ես կանչում էի քեզ առանց շշուկի, կանչում էի, կանչում, իսկ դու չէիր գալիս:
Աշուն էր, թախծոտ աշուն: Այդ ճնշող, այդ քարացնող մթության մեջ միայն քո սենյակի լույսն էր անվերջ երերում: Շուրջս նայեցի. ունայնություն էր: Ոտքերս կպել էին սառցե հատակին ու չէին շարժվում: Անխիղճ ցուրտը փաթաթվել էր ինձ, գրկել էր ամուր, ինքն էլ էր մրսում իր սառնությունից, և իմ հալած, իմ դժգույն մարմնից փորձում էր կորզել մի քիչ ռտաքություն: Գիժ ծառերը մերկանում էին մրրկածուփ մթության մեջ` ի ցույց դնելով իրենց տատղկալի և հիվանդ մարմինները: Աշնան անամոք և տիտաշուք երեկո էր: Ես կանգնել էի փողոցում, աչքերս հառել էի պատուհանիդ, որտեղ ջահը լույս չէր արձակում, հոգնել էր վառվել անվերջ վառվելուց, նա էլ ինձ նման հոգնել էր քեզանից: Աշնան պես քաղցր, բայց և անդարման, աչքերիս քունը խլեցիր ինձնից, ախ գոնե միայն աչքերս փակվեին ու ես չտեսնեյի էլ երբեք ոչինչ: Աշնան մորմոքող և անհնազանդ տրտմության գրկում քունն էի քո հսկում, իմացիր հաստատ ես քեզ չեմ ատում, սիրում եմ կրկին, թեև աշնան պես ինձ սիրահետեցիր, հոգիս գերեցիր ու դեգերեցիր, քո սիրով ինձ թունավորեցիր և այդ թույնից էլ ես վարակվեցի անքնությամբ: Աշուն էր տխուր ու միապաղաղ, կանգնել էի ես ձեր փողոցում պաղ, նայում էի անվերջ տան պատուհանիդ, ուր քնած էիր դու լուռ ու հանգիստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել