Ագարակը և Մեղրին առաջիկայում ունենալու են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը Ագարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
Քարոզարշավի երկրորդ օրը Փաշինյանը կուսակիցների հետ նախ այցելել է Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու բոլոր նահատակների հիշատակին, ապա մեկնել Մեղրի և Ագարակ։
Ագարակում ելույթի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է համայնքում իրականացվող և նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերին։
«Ագարակում ի վերջո իրականացվում է «TRIPP» նախագիծը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու Ագարակի համար, և 34 տարի ընդմիջումից հետո Ագարակ-Մեղրի երկաթուղին վերագործարկվելու է։ Այս ամենի արդյունքում Ագարակը և Մեղրի խոշորացված համայնքը հայտնվելու են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով կենտրոնական դիրքում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա նշել է նաև, որ Ագարակում ավարտին է մոտենում դիահերձարանի շինարարությունը, իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, կառուցվում է նոր դպրոց, ինչպես նաև պետական սահմանի վրա կառուցվում է նոր մաքսային տերմինալ։ Նրա խոսքով՝ մեծ տեմպերով շարունակվում է նաև Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը։
Նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկոյան ժամը 19։30-ին նախատեսված է հավաք Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։
Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



