Tert.am-ը գրում է.

Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց: Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

- Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:

- Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:

Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:

Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին: Բայց նման ուղեւորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից: Ուղեւորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո՝ անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիության պետությունը պետք է հնարավոր բոլոր դիվանագիտական եւ հումանիտար խողովակներով հասնի իր քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությանը: Սա միջազգային նորմալ պրակտիկա է, այլ ոչ թե քաղաքական պահանջ:

Հասկանում եմ, որ ցանկացած ինստիտուտ ունի լիազորություններ, ընթացակարգեր, սահմանափակումներ: Բայց լինում են իրավիճակներ, երբ միայն ձեւական պատասխանը քիչ է: Ընտանիքները ոչ միայն իրավական ձեւակերպման են սպասում: Նրանք ակնկալում են մարդկային վերաբերմունք, որ ինչ-որ մեկը կփորձի ճանապարհ գտնել եւ ջանք կգործադրել՝ օգնելու իր հայրենակիցներին: Անգամ եթե ընդունենք, որ այս կամ այն պաշտոնատար անձի մանդատը որոշակի գործողություններ չի նախատեսում, կամքի առկայության դեպքում կարելի է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու այն մեխանիզմներ գտնել:

Ինձ անհանգստացնում է ոչ միայն կոնկրետ պատասխանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս թեմային կարելի է հարմարվել։ Հարմարվել այն մտքին, որ հայրենակիցները պատանդի կարգավիճակում մնում են անազատության մեջ։ Որ ընտանիքները չեն տեսնում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին։ Որ երեխաները մեծանում են՝ առանց հարազատ մարդուն գրկելու հնարավորության։ Այդ հարմարվելը շատ վտանգավոր է. այն աննկատ փոխում է հասարակությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել