168.am-ը գրում է․

Մասյացոտնի թեմից Տեր Արտաշես քահանա Հակոբյանը Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգումներին» է միանում։ Այս մասին նշված է Մասյացոտնի թեմի տարածած հայտարարությունում։

«Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափ համայնքի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, միանում եմ առաջնորդիս` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի և մյուս արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների արդար պահանջին»,- ասվում է հայտարարությունում։

168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել