Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Դ. Իսպիրյանը հրազենային վնասվածքը ստացել է Թբիլիսյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց տեղի ունեցած վիճաբանության ժամանակ և նա հիվանդանոց է ընդունվել «որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Երևանի քրեական վարչութունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից դեպքի փաստով սպանության փորձի հատկանիներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 28-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացիական ավտոմեքենայով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» էր տեղափոխվել հրազենային վնասվածքներով մի քաղաքացի։
Հիվանդանոց էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, որտեղ բժիշկները իրավապահներին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզում էին, թե ովքեր և ինչ մակնիշի ավտոմեքենայով և որտեղից էին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Մանումենտցի Դավիթիկ» մականվամբ 42-ամյա Դավիթ Իսպիրյանն էր և ըստ տեղեկությունների՝ ևս մեկ հոգի նշված միջադեպի հետևանքով տեղափոխվել էր մայրաքաղաքի այլ հիվանդանոց։ Այդ տեղեկությունը քրեական ոստիկանները նույնպես պարզում էին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/11/30/1295508
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



