Արթիկում կառուցվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն։ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով Արթիկի բժշկական կենտրոնն ընդգրկվել է «Ժամանակակից չափանիշներին համապատասխան գործող բժշկական հաստատությունների շենքերի կառուցում, վերակառուցում» ծրագրում: Պատվիրատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ բժշկական կենտրոնի շինաշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ «Շիրակի մարզում այս տարի աննախադեպ ծավալների հասնող քաղաքաշինական ծրագրերը վերաբերում են ոչ միայն դպրոցաշինությանը և ճանապարհաշինությանը, այլ նաև մյուս ոլորտներին, այդ թվում՝ առողջապահական»,-ընդգծեց մարզպետը։
Կառուցվող բժշկական կենտրոնի շենքում մեկտեղվելու են մատուցվող բոլոր բժշկական ծառայությունները, այն հագեցած է լինելու նոր և ժամանակակից սարքավորումներով։ Բժշկական կենտրոնի նոր շենքը լինելու է տիպային կառույց։
«Բժշկական կենտրոնը լինելու է Արթիկ համայնքի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը՝ ավելի քան երեք միլիարդ բյուջեով։ Այս պահին կառուցվում են նաև Պեմզաշենի և Ախուրիկի ամբուլատորիաները։ Շինարարական աշխատանքների մրցույթի հայտարարման փուլում ենք Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի համար։ Այս ընթացքում «Իտալական» պոլիկլինիկայի երկրորդ հարկում ևս վերանորոգում իրականացրինք»,-նշեց Շիրակի մարզպետը։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1236282



