Մեր երկրում առաքելություն իրականացնող դեսպանները բոլորիս պիտի պատասխան տան, թե ինչու իրենք չեն եկել քաղբանտարկյալների հարցով խորհրդարանական լսումներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօրվա լսումներին միայն երեք դեսպանատներից ներկայացուցիչներ կային։
«Ես կարող եմ ենթադրել, որ հաշվի են առնում այն հանգամանքը, որ աչք փակեն իշխանությունների կողմից այս ապօրինություններին, հայտնի այն կարգախոսով, որ այդ ապօրինություններ անողը մեր ապօրինություններ անողն է, սրիկա է, բայց մեր սրիկան է։ Հիմա այս կոնտեքստում մենք գործ ունենք ընտրովի արդարադատության հետ։ Ժամանակին օտարերկրյա դիպկորպուսի ներկայացուցիչները ամենաչնչին խախտման պարագայում այցելում էին քրեակատարողական հիմնարկներ, մասնակցում էին դատական նիստերին, տալիս էին քաղաքական գնահատականներ, այս պահին քիչ են այն մարդիկ, որոնք գնահատականներ են տալիս, որովհետև կաշկանդված են։ Նրանց տարբեր ատյաններում ասում են, որ այս ընդիմությունը պաշտպանում է Ռուսաստանի շահերը, ռուսի ագենտներ են։ Անպատասխանատու, անբարտավան մոտեցում են դրսևորում և բոլորին արատավորում, ով իրենց կարծիքի հետ համաձայն չի։
Չեմ ուզում դիվանագետի անունը տալ, բայց մենք ունենք նախադեպ,, երբ իվանագետը ընդդիմության հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ այս մարդիկ եկել են հստակ այսպիսի բաներ են ասել։ Սա խայտառակություն է,. դու գնաս օտարերկրյա դիվանագետին ասես, որ քո քաղաքական օպոնենտը Ռուսաստանի ինչ-որ շրջանակների հետ աֆիլյացում ունի։ Սա է իրենց գործելաոճը։ Այսինքն գործ ունենք զրպարտիչ կեղծիքի մի թագավորության հետ, որն ամեն ինչ անում է, որ օտարերկրյա դիվանագետների մոտ մեզ ներկայացնեն որպես հինգերորդ շարասյուն»,–ասաց նա։



